Մշակույթը մշուշակույտ չէ. Բագրատ Սրբազան


Մշակույթը մշուշակույտ չէ. Բագրատ Սրբազան
Մարտ 4 13:40 2026

Թող զարմանալի չթվա նման որակումը: Ցավոք այսօր մշակույթի անվան ներքո մեր կյանք են թափանցել երևույթներ, չգաղափարներ և սովորույթներ, որոնք քաղաքակրթական մեծ անկման (degradation) պատճառ են դարձել մեր կյանքում` զրկելով մարդուն ինքնաճանաչողությունից, երազանքից, ձգտումից, սկզբունքներից, առաքինության ընկալումից և այլն:

Այս ամենը ես կոչել եմ «ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ», ըստ որի փորձ է արվում գլխիվայր շրջել արժեքների ընկալումը, որում`

դավաճանը հերոս է, հերոսը` դավաճան,

խեղճը ուժեղն է, ուժեղը` խեղճ,

պարտությունը հաղթանակ է, հաղթանակը` պարտություն,

ստախոսը խելամիտ է, ճշմարտախոսը` պարզամիտ,

ուրացումը հավատարմություն է, հավատարմությունը` ուրացում,

հանձնվելը դիվանագիտություն է, պայքարը` ահաբեկչություն,

ստրկամտությունը խաղաղություն է, ազատամտությունը` պատերազմ,

անպատիվ գոյությունը գովելի է, պատիվ ունենալու ձգտումը` ծաղրելի,

փողը գերնպատակ է, հողը` սակարկելի,

հայրենադավը հայրենասեր է, հայրենասերը` հայրենադավ,

վախկոտը իմաստուն է, իմաստունը` վախկոտ,

անպատկառը քաջ է, քաջը` անպատկառ,

կեղծիքը արդարություն է, արդարությունը` կեղծիք:

Այս ամենը միգուցե հարցեր առաջացնի, թե ի՞նչ առնչություն ունեն այս ամենը մշակույթի հետ, քանի որ մշակույթը արվեստի զանազան ճյուղերն են, գրականությունը, ճարտարապետությունը և այլն:

Վերը նշված ամբողջությունը հետևանքն է կրթադաստիարակչական, մշակութային անկում ապրող իրականության` քայքայվող մշակութային ընկալումը, բարոյագիտական հարաբերականությունը, արժեքների տեղատվությունը և նվազումը պատճառ են ձևափոխվող արժեհամակարգի:

Առանց բովանդակային զարգացման և արդյունքի սոսկ արվեստային մշակույթը կվերածվի մակերեսային ինքնանպատակի` հանգեցնելով «մշակութային մինիմալիզմի»` ձև առանց բովանդակության, սպառում առանց արտադրանք-արդյունքի:

Ա. ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔ Է

ա) Մշակույթը կրթադաստիարակչական առաքելություն է` կոչված ծառայելու մարդուն և նպաստելու ինքնատիպ քաղաքակրթական միջավայրի ձևավորմանը:

բ) «Մշակույթ» եզրը Աստվածաշնչյան է, որ նշանակում է մշակել, հոգ տանել, պահպանել, ինչպես նաև պաշտամունք մատուցել: Հատկանշական է, որ Աստված, Ինքն իսկ «մշակելով հողը», ստեղծեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի մարդը «մշակի և պահպանի այն» (Ծննդ. Բ 15):

գ) Նախնական իմաստով «մշակույթ» եզրը կապված է հողագործության հետ` հետագայում ընկալվելով որպես հոգևոր դրսևորում:

դ) Մշակույթը սերունդների ստեղծած հավաքական բարիքն ու ժառանգությունն է` հոգևոր և նյութական արժեքների և փորձառությունների միավորը, գաղափարների, ավանդված օրինակների և խորհրդանիշների բովանդակությունն է, որոնք կարևոր ազդակներ են մարդու վարքագծի ձևավորման գործում:

ե) Մշակույթը իմաստի ու արժեքի աշխարհն է` կոչված ծառայելու մարդկությանը:

Բ. ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՀԱՎԱՏՔ

ա) Ընդհանրական գնահատմամբ, մշակույթը շոշափում է մարդկային կյանքի բոլոր եզրաշերտերը` նույնացվելով քաղաքակրթության հետ` որպես գիտելիքների, հավատալիքների, արվեստի, բարոյագիտության, իրավունքի, սովորույթների և սովորությունների մի բաղադրյալ ամբողջություն:

բ) Մշակույթը, խորքային իմաստով, հոգևոր արժեք է: Այն գեղեցիկի մասին է, որ մարդուն հիշեցնում է իր Աստվածնմանության մասին:

գ) Ոչ մի այլ արարած կոչված չէ երկիրը մշակելու` մշակույթի միջոցով աշխարհը վերափոխելու: Դա մարդու կոչումն է, որով էլ մարդը դառնում է Աստծո գործակիցը աշխարհի կարգավորման գործընթացում:

դ) Մարդը տերն ու պահապանն է աշխարհի հոգևոր գանձերի, արժեքների և արարչագործության խոնարհության և ծառայության մշակույթի միջոցով:

ե) Մշակույթի բարձրագույն և կարևորագույն նպատակը մարդու` Աստծո զոհասեղան լինելու հանգամանքն է` որպես Ամենաբարձրյալին փառաբանության միջոց: Այսու, մշակույթի համար հավասարապես սպառնալիք են թե' մարդու հրեշտակացում-պաշտամունքը, և թե' նրա կենցաղային, սոսկ կենսաբանական մակարդակի իջեցումը:

զ) Մշակույթն` իր նյութական արտահայտությամբ հանդերձ, իր բովանդակությամբ հոգևոր անդրանցական է:

է) Մշակույթի այս հոգևոր անդրանցական չափանիշի բացահայտողը հավատքն է` Աստծու և մարդու հարաբերության, Արարչի և արարածի հանդիպման հանգրվանը, որը և մշակույթի առանցքն է և նպատակը:

ը) Հետևաբար, պետք է զգուշանալ նաև մշակույթի աստվածացումից և պաշտամունքից, մշակույթը կրոնի կամ կրոնի փոխնակի վերածելուց` մերժելով նյութի պաշտամունքայնությունը, ինչպես նաև արժեքի նվազեցումը:

Գ. ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՍՏԵՂԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ա) Անժխտելի և անուրանալի է Հայ Եկեղեցու բացառիկ մշակութաստեղծ դերակատարությունը` իր հոգևոր-քարոզչական էությանը և առաքելությանը զուգահեռ:

բ) Հայ Եկեղեցին հայ ինքնության բացառիկ կրողն է և, միևնույն ժամանակ, հայ ինքնության ինքնարտահայտման, ինքնաճանաչողության միջավայրը`

ա. Հայոց ոսկեղենիկ լեզվի ստեղծմամբ և զարգացմամբ,

բ. կրթական-գիտական հարուստ ավանդությամբ,

գ. արվեստի զանազան ճյուղերի ստեղծմամբ և զարգացմամբ,

դ. հարուստ գրականության և մատյանների ստեղծմամբ,

ե. ինքնատիպ ճարտարապետության` եկեղեցիների ստեղծմամբ,

զ. ուրույն և հարազատ երաժշտության և երաժշտական ավանդության ստեղծմամբ,

է. տոների և հիշատակների անխափան և շարունակական իրականացմամբ,

ը. այլ ժողովուրդների ավանդությունների և մշակութային նվաճումների ընդունմամբ և ներմշակութայնացմամբ:

գ) Հայ Եկեղեցին իրավատերն է`

ա. նախաքրիստոնեական շրջանի մշակույթի` որպես հայ ժողովրդի զարգացման պատմական փուլերից մեկը, ներմշակութայնացնելով ու հարազատ բովանդակություն և իմաստ հաղորդելով,

բ. ամբողջ մշակութային ժառանգության` Հայաստանում և այլուր,

գ. ցեղասպանության և հայրենազրկման հետևանքով իր Հայրենիքում գերության կարգավիճակում գտնվող բոլոր հոգևոր-մշակութային արժեքների:

Դ. ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ

ա) Հայաստանի և հայության` աշխարհին ներկայանալու հիմնական այցեքարտերից մեկը, եթե ոչ առաջնայինը, հայոց մշակույթն ու ժառանգությունն է:

բ) Ցավալի և անընդունելի իրականություն է մշակույթի առանձին նախարարության չգոյությունը: Հետևաբար, պետության պարտավորությունն է` անհրաժեշտաբար.

ա. վերստեղծել Մշակույթի նախարարությունը և առանձնահատուկ կարգավիճակ շնորհել,

բ. հստակ մշակութային ռազմավարություն և քաղաքականություն մշակել թե' Հայաստանի, և թե' սփյուռքի համար

գ. հատուկ հոգածություն ցուցաբերել խոնարհված եկեղեցիների և բազմահազար խաչքարերի նկատմամբ,

դ. մասնակցել կրթական գործընթացներին,

ե. միջազգային հարթակներում խրախուսել զանազան արվեստագետների և կազմակերպությունների մասնակցությունը,

զ. վերահսկել նոր քաղաքաշինական ծրագրերը` համապատասխան տվյալ տարածքին և միաջավայրային մշակութային առանձնահատկություններին,

է. զարգացնել և ստեղծել նոր ենթակառուցվածքներ գործող վանքերի և եկեղեցիների շուրջ` պետական և մասնավոր համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ,

ը. ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով նպաստել հայության իրական ճանաչողությանը համաշխարհային հարթակներում և հանրային կյանքում,

թ. նոր ֆիլմերի և հեռուստասերիալների ստեղծում` հանրամատչելի և ներշնչող բովանդակությամբ, հայ ժողովրդի անցած ուղու և հերողների մասին,

ժ. սերտորեն համագործակցել ԶԼՄ-ների, հատկապես հեռուստատեսության հետ,

ժա. ԶԼՄ-ների, սոցցանցերի և հեռուստատեսության միջոցով մատակարարել այնպիսի կրթադաստիարակչական նյութեր, որոնք սեր կսերմանեն հոգևոր-ազգային արժեքների, հայրենիքի, լեզվի, մշակույթի, ընտանիքի, կրթության, գիտելիքի, հարգանքի և արժանապատվության հանդեպ,

ժբ. խստորեն վերահսկել և տուրք չտալ մշակույթի զանազան ոլորտներում բացասական կերպարների և նրանց վարքագծի զանգվածային գովազդումին, ստելության և բռնության քարոզին և այլ խոտելի երևույթներին,

ժգ. հետևողական լինել` կանխարգելելու ապաքրիստոնեական, ապաբարոյական և ապամշակութային անդրադարձների տարածումը,

ժդ. ապակենտրոնացնել մայրաքաղաքում խճողված մշակութային գործունեությունը` այն տարածելով մարզերում, գյուղական շրջաններում հավասարապես` ապահովելով վարպետներով և բարձր որակի մասնագետներով,

ժե. հստակ ուշադրություն ցուցաբերել ԶԼՄ-ներում և հասարակական շերտերում կիրառվող հայոց լեզվի նկատմամբ, խստորեն դատապարտել արձանագրված անխնամ վերաբերմունքը և խրախուսել այն ծրագրերն ու հաղորդաշարերը, որոնք նպաստում են նրա անաղարտության պահպանմանն ու զարգացմանը,

ժզ. քաջալերել և աջակցել հատկապես երիտասարդներին` մասնակցելու միջազգային մշակութային զանազան մրցույթների և փառատոնների,

ժէ. Սփյուռքի համայնքների հետ համագործակցաբար աշխարհի տարբեր կենտրոններում կազմակերպել ցուցահանդեսներ և զանգվածային միջոցառումներ, որոնք կամրացնեն թե' սփյուռքի մեր հայրենակիցների ինքնության գիտակցությունը, և թե' ճիշտ կերպով կներկայացնեն Հայաստանը և հայությանը` առավել ճանաչելի դարձնելով աշխարհում,

ժը. ՀՀ դեսպանատներում պարտադիր սահմանել մշակութային կցորդի հաստիքը, որը կհամակարգի և կիրականացնի մշակութային ծրագրերը թե' տվյալ համայնքի, և թե' տվյալ երկրի համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ և մասնակից կլինի այդ երկրի մշակութային գործընթացներին:

Ե. ԱՄՓՈՓՈՒՄ

Ժամանակակից աշխարհի մարտահրավերները զանազան տարբեր գրավիչ գաղափարների ներքո` ժողովրդավարություն, ազատականություն, մարդու իրավունքներ, միտված են ինքնության ոչնչացմանը` ծառայելով մշակութային համահարթեցմանը, որտեղ նյութը գերնպատակ և վերջնանպատակ է:

Համահարթեցումը (globalization) իր բովանդակությամբ «հին աշխարհի» նոր աստիճանի պատերազմն է ազգային դիմագծին, ինքնության առանձնահատկությանը, հոգևոր բարձր արժեքներին` ըստ էության մարդուն զրկելով մարդ լինելու որակից և Աստվածնմանության վերհուշից:

Հետևաբար, մարդկային երջանկությունը սահմանափակվում է սպառողականությամբ, ժամանցով, հարաբերականությամբ (relativizm) և արժեքների նվազմամբ (reductionizm), երբ մոռացված են երազներն ու իղձերը, ձգտումներն ու տեսիլքները, սխրանքներն ու հերոսությունները:

Այսպիսի մարտահրավերների դիմաց կենսական անհրաժեշտություն է պետության ծանրակշիռ և առաջնային ներդրումը մշակույթի` ԻՍԿԱՏԻՊ մշակույթի զարգացման և տարածման գործում, ինչպես նաև նոր սերնդի մեջ հատապես սեփական ինքնության և հարազատ մշակույթի նկատմամբ սեր արթնացնելու վեհ և բարձր գաղափարների նկատմամբ և' որպես ներշնչում, և' որպես վարքագիծ. «Մի' ատիր աշխատանքի տքնությունը և ոչ էլ այն մշակությունը, որ հաստատվել է Բարձրյալի կողմից» (Սիրաք Է:16), «Մի' փոփոխիր հավիտենական սահմանները, որ քո հայրերը դրեցին» (Առակ. ԻԲ:28)

Շարունակելի...

Բագրատ արք. Գալստանյան
Հայրենիքի կալանավոր
23.02.2026