Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը. «Հետք»


Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը. «Հետք»
Մարտ 4 14:17 2026

Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020 թ․-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները։

«Հետքը» պարզել է, որ նշված շենքերի զբաղեցրած հողամասերից մեկը շուկայականից բազմապատիկ ցածր գնով ձեռք է բերվել Առինջ համայնքից, մյուսը Աբովյանի համայնքային զբոսայգու տարածքն է։ Շինարարության թույլտվությունները, փորձաքննությունները եւ կարևոր այլ փաստաթղթերը ընկերությունը ստացել է «դյուրացված» կարգով։ Ընկերության սեփականատիրոջ օգտին որոշումներ են կայացրել նաեւ Աբովյանի ավագանու՝ նրա հետ ընդհանուր շահեր ունեցող անդամները։ Վերջնարդյունքում ընկերության կառուցած շենքերում շահեկան պայմաններով բնակելի եւ հասարակական տարածքներ են ձեռք բերել որոշումների կայացման մեջ ներգրավված անձինք եւ նրանց մերձավորները։

Այս պատմության գործող անձինք են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ նրա մերձավորները, Կոտայքի փոխմարզպետ, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանը, Աբովյանի համայնքապետ, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին ղեկավար Էդուարդ Բաբայանը, Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը, Պտղնի համայնքի նախկին ղեկավարի հետ փոխկապակցված եւ փողերի լվացման գործով անցնող Մհեր Բաղդասարովը եւ այլք։

2001 թ․-ին հիմնադրված «Առեւտրի տուն Վիկտորիա» ՍՊԸ-ն 2022 թ․-ին անվանափոխվել եւ կոչվում է «Միլոն մայնինգ» ՍՊԸ։ Նույն թվականից ընկերության միակ փայատերը Բաբկեն Հովակիմյանն է (նախկինում ընկերությունը գրանցված էր Հովակիմյանի մոր անունով)։ Ընկերությանն է պատկանում Երևան-Սեւան մայրուղու՝ «ԳԱԻ պոստ» կոչվող տարածքի հարևանությամբ գտնվող շինանյութի մանրամեծածախ վաճառակետը։ 

2022 թ․-ից «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն սկսել է բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցել Աբովյան համայնքի վարչական տարածքում։ Երկուսը՝ Աբովյան քաղաքում, մեկը՝ Առինջ գյուղում։ Բացի դրանցից՝ ընկերությունն Առինջում կառուցել եւ շահագործման է հանձնել բնակելի տների թաղամասը(13 հատ երկհարկանի թաունհաուսներ)։ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրենը Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանն է։

Բաբկեն Հովակիմյանը 2023 թ․-ին հիմնադրել է «Միլոն ռիելթի» ՍՊԸ-ն, որի տնօրենը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրն էր՝ Ավետ Կոնջորյանը։ Նա ընկերության տնօրենի պաշտոնը թողել է այս տարվա՝ 2026-ի հունվարի 5-ին (դրան նախորդել էր «Հետք»-ի՝ «Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով» հրապարակումը)։

Մանրամասները՝ հղմամբ։