Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը


Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը
Մարտ 4 13:23 2026

Այսօր բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արջահովիտ գյուղում բնակիչները վերադառնալով տուն՝ հայտնաբերում են տան դուռը կոտրած և ամբողջ սենյակները տակնուվրա արված։

«Տան տերերը և հարևանները ասում էին. «Տան անդամները մարտի 3-ին նշելիս են եղել ընտանիքի անդամներից մեկի ծննդյան արարողությունը ու հոբելյարը չի էլ իմացել, որ իր ընտանիքի անդամները անակնկալ են պատրաստել։ Իրեն չեն տեղեկացրել, ու Ռուսաստանի Դաշնությունից հարազատ եղբայրները վերադարձել են գյուղ, ու հոբելյարը, ով նույն գյուղի բնակիչ Արտավազդ Կարապետյանն է, անակնկալի է եկել ու ընտանիքի անդամներով, հարազատներով, մի քանի համագյուղացիների հետ գնացել են տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռեստորանային համալիր, որտեղ ծնունդն են նշել։

Կեսգիշերն անց վերադառնալով տուն՝ այն ամբողջությամբ հայտնաբերում են թալանված։ Տան բոլոր սենյակները տակնուվրա են արել, անգամ խուզարկել են խոհանոցը, գոմը, բակում կայանված ավտոմեքենան։ Տարել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր, նույնիսկ կոտրել են տղա երեխայի դրամատուփը և այնտեղ եղած ողջ պարունակությունը նույնպես գողացել են։ Գողացել են նաև Ա. Կարապետյանի անվամբ օրինական զենքերը՝ թվով 4 հատ, ապա իրենց սև գործն ավարտած համարելով՝ հեռացել են»,- գրել է Շամշյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կարապետյանը աշխատում է Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների դիահերձարանում։