Արարատ Միրզոյանը հաստատեց, որ ԱԱԾ գործակալ է (Տեսանյութ)


Արարատ Միրզոյանը հաստատեց, որ ԱԱԾ գործակալ է (Տեսանյութ)
Հունիս 14 16:33 2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում  անդրադարձել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որով վերջինս հայտնում է, թե Միրզոյանը Թուրքիայի գործակալ է:

Հարցին՝ ի վերջո Միրզոյանն ստորագրե՞լ է Մինասյանի հրապարակած փաստաթուղթը, ԱԺ նախագահը դրական պատասխան է տվել։

«ՀՀ ԱԱԾ-ն ինձ՝ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, որը այդ շրջանում Ցեղասպանությանն անդրադարձող, դրա տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում՝ նաև արտասահմանյան պարբերականներում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դիմել է և խնդրել, առաջարկել՝ աջակցել իրենց նշված օրակարգով: Սա է ամբողջը, ես, բնականաբար, անկախ օրվա քաղաքական իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, որպես ուղղակի հայրենասեր մարդ ու մասնագետ, իմ պատրաստակամությունն եմ հայտնել հենց այս հարցով օժանդակելու մեր անվտանգության ծառայությանը, և սա է ամբողջը»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Նա հավելել է, որ այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի. «Ինչ վերաբերում է մնացած հատվածին, բնականաբար, հիվանդագին ցնորք է, և այդ մարդն այդ սարսափելի մեղադրանքի, իմ բարի համբավը վարկաբեկելու համար դեռ պիտի պատասխան տա»,-ասել է նա՝ նշելով, թե դա եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտի, Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկի հատվածում։

Զավեշտն այն է, որ վերջինս ասաց, որ փաստաթուղթը ստորագրել է Քոչարյանի իշխանության վերջին տարիներին և, իբր, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ փաստացի տարելից 10 տարի առաջ:

Հիշեցնենք,  որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Միքայել Մինասյանը 2020թ.-ին փաստաթուղթ էր հրապարակել՝ հայտարարելով, որ Միրզոյանը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի գործակալ և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները: Նրա խոսքով՝ երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնաբերել է Միրզոյան-Թուրքիա կապը, նրան պարտադրել է «դառնալ «двойной агент»»:

Այդ ժամանակ Միրզոյանը հայտարարել էր, թե  Մինասյանը պետք է պատասխան տա «այս սուտ մատնության համար», հիմա էլ ասում է փաստաթուղթը գոյություն ունի: