Առանձին ուշադրություն է դարձվել ԼԳԲՏՔ+ անձանց և այլ խմբերի նկատմամբ խտրականության ընկալումներին. ՄԻՊ


Առանձին ուշադրություն է դարձվել ԼԳԲՏՔ+ անձանց և այլ խմբերի նկատմամբ խտրականության ընկալումներին. ՄԻՊ
Սեպտեմբեր 11 14:36 2026

Սեպտեմբերի 11-ին Երևանի Սիրահարների այգում տեղի է ունեցել «Խտրականությունը Հայաստանում»` տվյալների եռօրյա բացօթյա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որի շրջանակում ներկայացվել են Հայաստանում խտրականության ընկալումների, վերաբերմունքի և փորձառությունների վերաբերյալ համապետական ուսումնասիրության արդյունքները։

Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ) Հայաստան» հետազոտական ​​հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում` Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Հետազոտությունը համադրում է քանակական և որակական մեթոդները։ Դրա շրջանակում 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի ողջ տարածքում հարցում է անցկացվել 2,200 չափահաս անձանց շրջանում, ինչպես նաև իրականացվել են խորքային հարցազրույցներ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի Հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի գլխավոր խորհրդական Նինա Նորդբերգը և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ) Հայաստան» հետազոտական հիմնադրամի գործադիր տնօրեն Լիլիթ Եզեկյանը։

Իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է խտրականության վերաբերյալ համապետական տվյալների առկայությունը՝ որպես խտրականության դրսևորումների ու դրանց հիմքում ընկած խորքային պատճառների, իրավահավասարության և հակախտրականության ոլորտին առնչվող հանրային ընկալումների բացահայտման և դրանց հիման վրա իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ու քաղաքականությունների մշակման կարևոր հիմք։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հարցվածների 70.4%-ը Հայաստանում խտրականությունը համարում է լուրջ կամ որոշ չափով լուրջ խնդիր։ Միևնույն ժամանակ, վերջին հինգ տարիների ընթացքում խտրականության առնվազն մեկ դեպքի անձամբ բախվելու մասին հայտնել է հարցվածների 16.5%-ը։

Հատկանշական է, որ խտրականության անձնական փորձ ունեցած անձանց 92.3%-ը վերջին դեպքի մասին որևէ տեղ չի հայտնել, իսկ համապատասխան մարմիններին դիմել է ընդամենը 1.7%-ը։

Ուսումնասիրությունը վեր է հանում նաև հասարակության շրջանում տարբեր խմբերի նկատմամբ առկա կարծրատիպային մոտեցումները, ինչպես նաև անդրադառնում խտրականության դրսևորումներին աշխատանքային հարաբերություններում, առողջապահության և կրթության ոլորտներում, ընտանիքում և համայնքում, հանրային ու առցանց տարածքներում։

Առանձին ուշադրություն է դարձվել կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների, միգրանտների և փախստականների, ԼԳԲՏՔ+ անձանց և այլ խմբերի նկատմամբ խտրականության ընկալումներին ու դրսևորումներին, ինչպես նաև բազմակի և փոխհատվող խտրականությանը։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է խտրականության կանխարգելման, հավասարության ապահովման և իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և փորձագիտական համայնքի շարունակական համագործակցությունը։

Բացման արարողությանը հաջորդել է ցուցահանդեսի ուղեկցվող շրջայցը, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ուսումնասիրության առանցքային տվյալները, եզրահանգումները և հետազոտության ընթացքում արձանագրված` մարդկանց փորձառությունները։

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, դեսպաններ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։

«Խտրականությունը Հայաստանում» տվյալների բացօթյա ցուցահանդեսը Սիրահարների այգում բաց կլինի երեք օր։