Արտակարգ դեպք Երևանում. անչափահաս տղաները՝ մեկը գարեջրի բաժակով, մյուսը՝ ձեռքերով, հարվածել են արագ սննդի կետերից մեկի սիրիահայ տնօրենին


Արտակարգ դեպք Երևանում. անչափահաս տղաները՝ մեկը գարեջրի բաժակով, մյուսը՝ ձեռքերով, հարվածել են արագ սննդի կետերից մեկի սիրիահայ տնօրենին
Օգոստոս 28 22:40 2019

Oգոստոսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի 18 հասցեում գործող «Պիցցա Է Վինո» արագ սննդի կետում վիճաբանություն է տեղի ունենում և որ սննդի կետի տնօրենի գլխին շիշ են կոտրել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում նշված սննդի կետում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ, 16-ամյա Մհեր Ս.-ն գարեջրի բաժակով հարվածել է Երևանի բնակիչ, 51-ամյա Վահե Գուզելյանի գլխին, որից հետո Մհեր Ս.- ի ընկեր, Երևանի բնակիչ, 17-ամյա Գևորգ Շ.-ն ձեռքով հարվածներ է հասցրել սննդի կետի տնօրենի մարմնի տարբեր մասերին:

Հետաքննիչին Վ. Գուզելյանը հայտնել է, որ ինքը գլխի մասում ստացել է վնասվածք, իսկ մարմնի տարբեր մասերին` ֆիզիկական ցավ: Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են Մհեր Ս.-ին և Գևորգ Շ.-ին և ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ են արձակվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ կռվի պատճառը եղել է այն, որ Վ. Գուզելյանը, ով սիրիահայ է, չիմանալով, անպարկեշտ բառ է ասել, ապա արդարացել, որից հետո գլխին գարեջրի բաժակով հարված, իսկ մարմնի մասերին ձեռքով հարվածներ է ստացել, իսկ հետո հայտնել է, որ այդ բառը Սիրիայում միշտ էլ օգտագործել են և դա հայհոյանք չի համարվում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: