ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Coffee House»-ը խոչընդոտում է մրցակից մանր բիզնեսներին. ահազանգ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Coffee House»-ը խոչընդոտում է մրցակից մանր բիզնեսներին. ահազանգ
Նոյեմբեր 13 17:05 2026

ArmLur.am-ին են ահազանգել Երևանում գործող փոքր տնտեսվարողները: Նրանք բարձրաձայնում են իրենց գործունեության ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ ուշադրություն հրավիրելով սուրճի շուկայում խոշոր ընկերությունների և փոքր ձեռնարկատերերի մրցակցային պայմանների վրա։

 

Տնտեսվարողներից ահազանգեր ենք ստացել, որոնց համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում սուրճի փոքր կետեր հիմնելու փորձերը որոշ դեպքերում ուղեկցվել են խնդիրներով, իսկ նույն տարածքներում հետագայում հայտնվել է «Coffee House» ընկերությունը։

 

 

Տնտեսվարողների փոխանցմամբ՝ իրենք փորձել են փոքր coffee shop-եր հիմնել հատկապես մետրոյի կայարանների, բուհերի և մարդաշատ այլ հատվածների հարևանությամբ, որտեղ սուրճի կետերի պահանջարկը մեծ է։ Սակայն, նրանց պնդմամբ, որոշ դեպքերում իրենց գործունեության ընթացքում խնդիրներ են առաջացել, երբ տվյալ տարածքներում հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Coffee House»-ը։ Ահազանգած քաղաքացիները պնդում են, որ իրենց հորդորել են դադարեցնել գործունեությունը կամ ազատել զբաղեցրած տարածքները։

 

Մի քանի տնտեսվարողների կողմից բարձրաձայնված նմանատիպ մտահոգությունները հարցեր են առաջացնում փոքր բիզնեսի գործունեության պայմանների և շուկայում մրցակցության վերաբերյալ։

 

Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ փոքր ձեռնարկատերերը, որոնք փորձում են սեփական միջոցներով բիզնես հիմնել և իրենց տեղը գտնել շուկայում, խոսում են խոշոր ցանցերի հետ մրցակցելու դժվարությունների մասին։ Արդյոք խոսքը տարածքների համար սովորական գործարար մրցակցության մա՞սին է, թե՞ առկա են այլ հանգամանքներ, որոնք խոչընդոտում են փոքր տնտեսվարողների գործունեությանը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի օր շարունակ փորձել է կապ հաստատել «Coffee House»-ի սեփականատերերի և պատասխանատուների հետ՝ տնտեսվարողների բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Սակայն ընկերության պաշտոնական կայքէջում հրապարակված հեռախոսահամարով մեր զանգերին որևէ մեկը չի պատասխանել։

 

Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների Coffee House-ը հիմնադրվել է 2015թ.-ին երկու ուսանողի՝ Հարությունի և իր ընկերոջ կողմից: Առաջին մասնաճյուղը բացվել է Հայ-Ռուսական համալսարանի հարևանությամբ։ Մի քանի ամիս աշխատելուց և մի քանի սխալներ գործելուց հետո փակվում է: Ցանկանալով վերսկսել Coffee House-ը` Հարությունն իր մեկ այլ ընկերոջ՝ Նարեկի հետ, ով նոր էր վերադարձել բանակից, կրկին վերաբացվում են՝ ներդնելով յուրաքանչյուրը 100,000-ական դրամ:

 

Այժմ նրանց պաշտոնական կայքում նշված է, որ ընկերության համահիմնադիրը Հարություն Մկրտչյանն ու Նարեկ Քեյանն են:

 

Հրապարակելով ստացված ահազանգերը՝ ակնկալում ենք ընկերության պարզաբանումը։ Մասնավորապես՝ ինչպե՞ս են ընտրվում «Coffee House»-ի նոր մասնաճյուղերի տեղակայման վայրերը, արդյոք ընկերությանը հայտնի՞ են փոքր տնտեսվարողների բարձրաձայնած դեպքերը, և ի՞նչ դիրքորոշում ունի այն հնչեցված մտահոգությունների վերաբերյալ։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել նաև ընկերության պատասխանը՝ ընթերցողներին ներկայացնելով երկու կողմերի տեսակետները։