ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հայտարարությունը, թե «Օպերի Արմեն կոչվածը» (պատգամավորն այսպես է անվանում ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության թիվ 4-րդ բաժնի պետ Արմեն Հակոբյանին) Շիրակի մարզում նշանակումներ է անում ոչ թե մրցույթներում հաղթած անձանց, այլ իր ծանոթներին, բարեկամներին կամ վստահելիներին՝ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Օրերս Ազգային ժողովում հայտարարութամբ է հանդես եկել պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, որի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում եւս մեկ անգամ տեղեկացնել, որ ՊԵԿ-ում թափուր պաշտոնների համալրման մրցույթներն անցկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ մրցույթներում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասությամբ օժտված է բացառապես ՊԵԿ նախագահը:
Ի գիտություն պատգամավորի, ՊԵԿ նախագահի հրամանով են կատարվում համակարգում բոլոր նշանակումները, հետեւապես տարածքային ստորաբաժանման որեւէ ղեկավար աշխատանքի նշանակման իրավասությամբ օժտված չէ:
Ուստի, ԱԺ պատգամավորի հայտարարությունը, թե «Օպերի Արմեն կոչվածը» (պատգամավորն այսպես է անվանում ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության թիվ 4-րդ բաժնի պետ Արմեն Հակոբյանին) Շիրակի մարզում նշանակումներ է անում ոչ թե մրցույթներում հաղթած անձանց, այլ իր ծանոթներին, բարեկամներին կամ վստահելիներին` մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:
Կարծում ենք, անթույլատրելի է նաեւ, օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից իր իսկ հարցումների վերաբերյալ ՊԵԿ-ից ստացված հիմնավորումները «լոլոներ» որակելը:
Եվ վերջում, անդրադառնանք հայտարարության մեջ հնչած միակ ճիշտ տեղեկատվությանը: Այո, Դավիթ Անանյանը եւ Արմեն Հակոբյանը համակուրսեցիներ են, բայց ի տարբերություն Դավիթ Անանյանի, որը ՊԵԿ-ում աշխատանքի է անցել 2018-ի մայիսից, Արմեն Հակոբյանը համակարգում աշխատել է 1994թ.-ից մինչեւ 2017-ը եւ համակարգ է վերադարձել հենց Դավիթ Անանյանի առաջարկությամբ` ցանկանալով իր մասնակցությունն ունենալ երկրում իրականացվող բարեփոխումներին եւ հավատալով հաստատված նոր իրողություններին: Նշենք, որ ՊԵԿ–ում աշխատած տարիներին Հակոբյանն իրեն դրսեւորել է որպես հմուտ, արհեստավարժ եւ գործիմաց մասնագետ:
Հուսով ենք, Սոֆիա Հովսեփյանը եւ իր մի քանի դիմումատուներն այսուհետ ըմբռնումով կմոտենան այն փաստին, որ ՊԵԿ-ի կողմից Շիրակի մարզում իրականացվող կադրային քաղաքականությունը կարող է նաեւ չհամընկնել Սոֆիա Հովսեփյանի եւ նրա ծանոթ-բարեկամների պատկերացումներին եւ ցանկություններին»,–ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հակոբյանը հայտարարել էր, որ ՊԵԿ–ում շարունակում են ծանոթով ու բարեկամով աշխատանքի տեղավորվել. «Արմեն Հակոբյանին Շիրակի մարզում ճանաչում են որպես «օպերի Արմեն», նա եղել է Հարկայինի նախկին աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ, եւ նրան ճանաչում են որպես հարկերից խուսափող Հարկայինի աշխատող։ Այս մարդն այսօր նորից Շիրակի մարզում նշանակվել է օպերի պետ, ընդ որում նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի համակուրսեցին է։ Մեր դիմումատուների դիմումների հիման վրա դիմել եմ ՊԵԿ-ին՝ պարզաբանում ստանալու, որի պատասխանը եղել է հերթական «լոլոներից», որ ընթացակարգով է եղել»։