Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։
Արգելանքի տակ են՝ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի անունով գրանցված խնդրո առարկա առանձնատունը, Գասպարյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատունը, Ջրվեժում գտնվող անշարժ գույքը: Կալանքի տակ են նաև Վլադիմիր Գասպարյանի «Մերսեդես բենս» S450 4MATIC և «ՎԱԶ-21013» ավտոմեքենաները, բանկում ունեցած հաշիվները:
Արգելանքի տակ են նաև Գասպարյանի կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին պատկանող Երևանի Թումանյան փողոցում գտնվող բնակարանը, Նոր գյուղի հողամասը, Կաթնաղբյուրի տունը, Էջմիածնում գտնվող հողամասը, ինչպես նաև «Իժ-2715» տեսակի ավտոմեքենան: Սուսաննա Գասպարյանի հաշիվների վրա նույնպես արգելանք է դրվել:
Առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատական հայցեր է ներկայացրել նաև առանձնատան գործարքին առնչություն ունեցած գործարարներ Սիլվա Համբարձումյանի և Ալբերտ Երիցյանի դեմ:
Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հրապարակմանը, որտեղ մասնավորապես ասվում է.
«ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ֊գնդապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ քաղաքացիական գործի մասին լրատվական կայքերից մեկի միջոցով տարածված տեղեկատվության մասին անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը`
Ցավալի է, երբ լրատվամիջոցը փաստացի դառնում է մի կողմի գործիք և մոռանում է օբյեկտիվ լինելու իր ենթադրյալ առաքելությունը։ Ինչ վերաբերում է բուն գործին, ապա ներկայացված հայցը պարզապես ծիծաղելի է, իսկ դատավորի նկատմամբ մի քանի օր առաջ հարուցվել է կարգապահական վարույթ` դատավարական օրենքի առերևույթ կոպիտ խախտման հիմքով։ Հուսամ այսուհետ ցանկացած լրագրող կփորձի պարզել մյուս կողմի դիրքորոշումը և կտարածի օբյեկտիվ տեղեկատվություն, այլ ոչ թե կգնա էժանագին սենսացիա ստեղծելու արատավոր ճանապարհով»։