Էդ կոկորդիլոսի ձու աճեցնողն ամեն ինչ անում է իմ դեմ. բողոքի ակցիա՝ Այգեստանում


Էդ կոկորդիլոսի ձու աճեցնողն ամեն ինչ անում է իմ դեմ. բողոքի ակցիա՝ Այգեստանում
Փետրվար 25 12:37 2019

Արարատի մարզի Այգեստան համայնքում մի խումբ ազատամարտիկներ այս պահին բողոքի ցույց են իրականացնում՝ ընդդեմ գյուղապետի: 

Armday.am-ի  հետ զրույցում Այգեստանի համայնքապետը  վստահաբար նշեց, որ ցույցերն իր դեմ կազմակերպում է Արարատի մարզպետ  Գարիկ Սարգսյանը:

«Էդ կոկորդիլոսի ձու աճեցնողն ամեն ինչ անում է իմ դեմ, սակայն ինչի՞ պիտի հասնի: Ուրցաձորի Ռաֆիկի դեմ էլ արեց, ինչի՞ հասավ: Ինչքան ուզում են, թող վարկաբեկեն: Իմ դեմ քրեական երկու  գործ հարուցեցին, վեց ամիս քննեցին, կարճեցին հանցակազմի բացակայության պատճառով»,-ասաց նա:

Համայնքապետը նշեց, որ գյուղում գողության դեպքեր են լինում, գույք են փչացնում, ինքն էլ ստիպված է եղել Ոստիկանություն դիմել՝ անկախ այն բանից, որ գողությունը կատարել են ազատամարտիկները:

«Եթե պետական ունեցվածքը ոչնչացնում են, ով ուզում է լինի, պիտի դիմեի ոստիկանություն: Գյուղի լույսերը փչացնելու, գերեզմանի փականները հանելու համար դիմել եմ Ոստիկանություն, քրեական գործ են հարուցել: Եթե չեն արել, ինչու՞ են վախենում:Հ իմա ինձ վրա կեղտ գտնելու տարբերակ չունեն, տարածում են, թե ես հալածում եմ ազատամարտիկներին,բայց ես ինչո՞ւ պետք  է  ազատամարտիկից վրեժ լուծեմ, եթե ես նրանց միշտ օգնել եմ, և բոլորը գիտեն այդ մասին»,-ասաց  Սոկրատ Հովսեփյանը:

Նշենք, որ Սոկրատ Հովսեփյանը համայնքը ղեկավարում է  արդեն տաս տարի և վստահ է, որ ժողովուրդն իրեն ևս տաս տարի ձայն կտա:

Այգեստանի համայնքապետը  եղել է ՀՀԿ-ական, սական  վերջերս դուրս է եկել կուսակցության կազմից:

«Շարմազանովին ու Աշոտյանին խնդրեցի՝ փրկել կուսակցությունը, բայց այդ մարդիկ կպել են Սերժ Սարգսյանից, դրա համար ես  դուրս եկա կուսակցությունից»,-ասաց նա:

Ավելի վաղ, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը վերընտրվելուց հետո ասել է, որ իրեն զրպարտողները պատասխան են տալու: Արարատի մարզպետը պահանջել էր համայնքապետի հրաժարականը: