«2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում ինձ համար ամենահիշարժան փաստն այն էր, որ մեր հավաքների առաջին շարքերում կանայք էին կանգնած՝ մայրիկներ, միջինից բարձր տարիքի կանայք և ընտանիքների մեծ մամաներ, ովքեր սովորաբար նման միջոցառումների չեն մասնակցում»,-կառավարության նիստում «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ծագումը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։
Նա պնդեց, թե դրա իրական հեղինակները հենց ժողովուրդն է, «հատկապես կանայք՝ ընտանիքների մայրիկներն ու մեծ մամաները»:
«Այո, «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հեղինակը մեր գերդաստանների մեծ մայրիկներն են։ Նրանք են, ովքեր գերդաստաններում ճաշն են եփում, բոլորին կերակրում և պահպանում են ընտանեկան միասնությունը»,-ասաց Փաշինյանը հավելելով, թե իրենք պարզապես լսել են նրանց և այդ մտքերը վերաձևակերպել քաղաքական ծրագրի։
Նա հայտարարեց, թե առաջին դեպքն է, երբ այդ սերնդի կանայք լսված են դառնում և ուղղակիորեն ազդում են երկրի քաղաքական օրակարգի վրա։
«Մեզ ասում են՝ բա դուք այլ նախընտրական ծրագրով եք գնացել, բայց քարոզարշավի ընթացքում այլ բովանդակություն է ձևավորվել, «խաղաղության օրակարգը» ձևավորվել է քարոզարշավի ընթացքում»,-ասաց նա։