Իշխանությունը խոստումը չի պահել. աջ ղեկով մեքենա ներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առաջ


Իշխանությունը խոստումը չի պահել. աջ ղեկով մեքենա ներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առաջ
Փետրվար 18 17:00 2019

Աջ ղեկով մեքենա ներկրողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանց խոսքով՝ իշխանությունը չի պահել իր խոստումը.մի բան պայմանավորվել է, այլ բան  արել։

«Վերջին անգամ վարչապետին հանդիպել ենք նոյեմբերի 28-ին՝ Բագրատաշենում, պայմանավորվածություն էր ձեռք բերվել լուծել 800-1100 մեքենայի հարցը․ Մեզ փոխանցեցին, որ վարչապետը որոշում է կայացրել հօգուտ մեզ և կթույլատրվի աջակողմյան ղեկով 800-1100 մեքենան բերել Հայաստան, որից հետո պետք է նախագիծը գնար կառավարություն, հետո ԱԺ։ Սակայն փետրվարի 15-ին նախագիծը քննարկվեց կառավարությունում և մերժվեց»,-ասաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից մեկը: 

Բողոքի ակցիայի մասնակիցները  անդրադարձել են նաև այն հարցին,  թե ի՞նչ երաշխիքներ կան, որ դրանից ավելի մեքենա չի մտնի Հայաստան:

«Մենք տրամադրել ենք 825 մեքենայի VIN կոդերը։ Մեզ հարցնում են՝ ինչո՞ւ այդ մեքենաները կանգնած չեն սահմանին, բայց պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե բոլոր մեքենաները այնտեղ բերենք. Բագրատաշենի մաքսակետը կաթվածահար կլինի»,-նշեց նախաձեռնության անդամը: 

Հիշեցնենք, որ նախագիծը կառավարության դատին ներկայացրել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել էր նախագիծը՝ ասելով, որ խոսքը պետք է վերաբերի միայն այն 442 մեքենաներին, որոնք մնացել են Հայաստանի սահմանին՝ մաքսային գոտում։ Սրանով վարչապետը հստակեցում մտցրեց նախագծի բովանդակության մեջ՝ նշելով, որ պետք է նախագծով թույլ տրվի միայն կոնկրետ այդ 442 մեքենաների ներկրումը, ոչ թե այն մեքենաների, որոնք այս պահին գնվել են բայց դեռ գտնվում են Ճապոնիայում։