Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Նոր Գեղիի և մի քանի գյուղերի հարյուրավոր բնակիչների ի նշան բողոքի փակել են Նոր Գեղի–Եղվարդ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղի խաչմերուկի գլխավոր ճանապարհը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը երկար ժամանակ գյուղացիներին ոռոգման ջուր չտալն է։
Երթևեկությունը Աբովյանից Եղվարդ ամբողջությամբ կաթվածահար է եղել, խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։
Գյուղացիներն էլ հրաժարվում են ճանապարհը բացել՝ ասելով՝ մինչև ջրմուղից չգան ու հստակ պատասխան չտան, թե երբ են ջուրը տալու, չենք բացելու։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները նաև ասում էին.«Հեկտարներով բերքը չորանում է, ոնց կլինի շաբաթներով չջրել, էդ նույնն է՝ ջրմուղի պաշտոնյաներին ասենք հլը 2 օր ջուր մի խմեք, տեսեք՝ ինչ օրը կընկնեք։
Հիմա դրանց անփույթ, ապաշնորհ աշխատանքի պատճառով վարկերով աճեցված հեկտարներով ցանքատարածությունները չորանում են։ Մենք չէինք դիմի ծայրահեղ քայլի, բայց ստիպված ենք, քանի որ երկար ժամանակ է՝ մեզ խաբում են։ Բավական է, մեր համբերության բաժակը լցվել է»։