ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևորագույն իրադարձություն է համարում։
«Կարող ենք ասել՝ հաստատվել է խաղաղություն, մենք դեռ ճանապարհի սկզբին ենք, խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք ու հոգտարարություն է պահանջում, պահանջում է զգուշություն՝ յուրաքանչյուր արտահայտվող բառի տեսանկյունից»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Միրզոյանի խոսքով՝ եթե առաջիկայում էլ ստորագրեն խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չեն կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ։
«Առայժմ կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը ձգտում է զրոյի, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է, բայց բազմաթիվ խնդիրներ մնում են, մեկը՝ գերիների հարցը, ցավոք, հարցի վերջնական լուծում չունենք»,- ասաց նա։
ԱԳ նախարարը նշեց, որ գերիների հարցը իրենց առաջնային ուշադրության կենտրոնում է։
«Հավատացնում եմ՝ այսօր էլ այդ աշխատանքները շարունակվում են, վաղն էլ չեն դադարելու»,- ընդգծեց Միրզոյանը։