Նարեկ Վանեսյանի համակուրսեցիներն ահազանգում են Փաշինյանին և նախարարներին


Նարեկ Վանեսյանի համակուրսեցիներն ահազանգում են Փաշինյանին և նախարարներին
Հոկտեմբեր 25 18:04 2018

Այսօր (25.10.2018թ.) ԵՊԲՀ-ի ռեկտորի հանձնարարականով շտապ, իմպերատիվ կարգով պահանջել են ներկայանալ ԵՊԲՀ երեկվա <<Սկանդալային>> դեպքի մասնակիցներ` ԵՊԲՀ <<Բուժհաստատությունների կառավարում>> մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտները։ Չնայած այն հանգամանքին, որ այլևս ուսանող չենք և որևէ պարտավորություն չունենք ներկայանալու, այնուամենայնիվ, երբ ամեն ինչ թողած հասանք ԵՊԲՀ և հայտնվեցինք արտահերթ հրավիրված էթիկայի հանձնաժողովի նիստին, պարզվեց, որ նիստն արդեն մոտ 40 րոպե սկսված էր, և նիստի հրավիրման նպատակը ընդհամենը մեր շարքերում համախոհներ փնտրելն էր։ 

Հարգելի պրն. Մուրադյան, հայտնում ենք Ձեզ, որ Ձեր համալսարանի էթիկայի հանձնաժողովի կազմում կան անձինք, ովքեր կարող են դիմել մեզ կամ յուրաքանչյուրին << Էս ով են սրանք>> ձևաչափով և Ձեր աշխատակազմի ղեկավարը փորձեր արդարացնել այդ դիմելաձևը <<Հարյուրավոր կյանքեր փրկելու>> հիմնավորումով: Մնացած եզրակացությունները թողնում ենք Ձեզ։ Վստահ եղեք, որ մենք ի տարբերություն ԵՊԲՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված բաց նամակի, իրավիճակը ներկայացնում ենք ամբողջովին այնպես, ինչպես եղել է. առանց ավելորդ չափազանցությունների և գունավորումների։

Հ.Գ. Հարգելի պրն. ռեկտոր, համախոհներ փնտրեիք այն ժամանակ, երբ 25 ուսանողներիս <<Ձայնը>> չէր հասնում անգամ Ձեր աշխատասենյակ։ Միայնակ էինք մնացել մեր խնդրի առջև և, չլիներ հեղափոխությունը, վստահ կարող էինք ասել, որ 1 500 000 դրամ ուսումնական վարձավճարով կստանայինք որակավորմանը չհամապատասխանող դիպլոմ։

ԵՊԲՀ 2017-2018թթ.-ի <<Բուժհաստատությունների կառավարում>> մագիստրոսական ծրագրի մասնակիցներ...