Սահմանադրություն փոխելը մեր ներքին գործն է, այն պետք չէ կապել Ադրբեջանի պահանջի հետ. Սրբուհի Գալյան


Սահմանադրություն փոխելը մեր ներքին գործն է, այն պետք չէ կապել Ադրբեջանի պահանջի հետ. Սրբուհի Գալյան
Սեպտեմբեր 11 13:31 2025

Մեր սահմանադրության և շատ սահմանադրությունների նախաբաններ նմանություններ ունեն, և այո՛, այդ խնդիրը, եթե խնդիր է, կարող է բարձրաձայնվել, բայց մեր դիրքորոշումը հետևյալն է. եթե մենք խնդիր չենք տեսնում մեր սահմանադրության մեջ, և ասում ենք, որ այն, ինչ բարձրաձայնվում է, օրինակ, Ադրբեջանի կողմից, խնդիր չէ, ինչպե՞ս բարձրացնենք դա որպես խնդիր այլ պետության համար: Բացարձակ տրամաբանական չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով այն պնդմանը, որ, որոշ սահմանադրագետներ գտնում են՝ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ:

 

Գալյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը խնդրահարույց չէ համարել Հայաստանի Սահմանադրությունը, դրա փոփոխության մտադրությունը պետք չէ կապել Ադրբեջանի պահանջների հետ, որովհետև դա իրականությանը չի համապատասխանում:

Լրագրողի հարցին՝ իսկ ինչպե՞ս է ստորագրվելու «Խաղաղության պայմանագիրը», երբ ադրբեջանական կողմը պահանջում է սահմանադրության փոփոխություն, նա պատասխանել է.

 

«Ամեն դեպքում «Խաղաղության պայմանագիրը» նախաստորագրվել է: Բազմաթիվ անգամներ շեշտվել է՝ խաղաղությունը հաստատվել է, իսկ Սահմանադրություն փոխելը մեր ներքին գործն է,  որևէ այլ մարդու, վերպետական մարմնի, պետության գործը չէ», - նշել է արդարադատության նախարարը: 

Նա ասել է, որ խաղաղությունը գին ունի և այդ գինը վճարել թե չվճարել որոշում է ժողովուրդը: Գալյանը հավելել է, որ իրենք առաջնորդվում ենք խաղաղության օրակարգով, որը թելադրված է ժողովրդի կողմից։ 

Անդրադառնալով ռազմագերիների խնդրին, նա նշել է. «Դա ցավոտ հարց է, բայց այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող անձանց մեծ մասը, մեր պետության ջանքերի արդյունքում հետ է վերադարձվել Հայաստանի Հանրապետություն։ Ես լիահույս եմ, որ առաջիկայում զարգացումները կգնան այն ուղղությամբ, որ այն անձինք, որոնք գտնվում են ոչ մեր պետության տարածքում, կվերադարձվեն մեր պետություն», - եզրափակել է Սրբուհի Գալյանը։