Սեզոնային գրիպի կանխարգելման նպատակով հաջորդ շաբաթվանից Հայաստանում պատվաստումներ կիրականացվեն


Սեզոնային գրիպի կանխարգելման նպատակով հաջորդ շաբաթվանից Հայաստանում պատվաստումներ կիրականացվեն
Հոկտեմբեր 25 16:54 2018

Գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման նպատակով հաջորդ շաբաթվանից Հայաստանում պատվաստումներ կիրականացվեն: Այս մասին հոկտեմբերի 25-ին Գրիպի տարեկան  աշխատաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿ ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը:

«Սկզբնական շրջանում փակ կազմակերպություններում, խոցելի խմբերում պատվաստումներ կիրականացվեն, հետո` ըստ համապատասխան ռիսկի խմբերի»,-նշեց Սահակյանը:

Նրա խոսքով` ՀՀ առողջապահության նախարարությունը սահմանել է ռիսկի խմբերը: «Ամբողջ աշխարհում ամենառիսկային խումբն են համարվում հղիները, ռիսկային խումբ են բուժաշխատողները,  վեց ամսականից մինչև հինգ տարեկան երեխաները»,-ընդգծեց նա:

Գայանե Սահակյանն ասաց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից յուրաքանչյուր սեզոնի համար որոշում է, թե տվյալ սեզոնին, որ հարուցիչներն են շրջանառվելու, և դրանք ներառվում են պատվաստանյութի բաղադրության մեջ:

Անդրադառնալով պատվաստումների վիճակագրությանը`Սահակյանը նշեց, որ եթե նախկինում միայն բուժաշխատողների շրջանում էր հաջողվում շատ բարձր ընդգրկում ապահովել, ապա հիմա պատվաստումների քանակը բարձրացել է նաև հղիների, զինծառայողների շրջանում: