Քրեական հեղինակություն Ֆազի եղբայրը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել


Քրեական հեղինակություն Ֆազի եղբայրը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Սեպտեմբեր 28 20:40 2018

Լուսանկարում ձախից՝ Աջափնյակի համայնքապետ Արտավազդ Սարգսյանը, աջից՝ Գրիգորի Գրիգորյանը

Քրեական հեղինակություն Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգորի Գրիգորյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարանը, որը բավարարվել է: Միաժամանակ նրա պաշտպանը գրավի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը կրկին բավարարվել է եւ դատարանը Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառել գրավը:

Գրիգորյանը անազատության մեջ էր սեպտեմբերի 25-ից:  Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի (արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը) եւ ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախորդ օրը ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ Աջափնյակում ընտրակաշառք է բաժանվում. ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, դեպքի վայրի զննություն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Բաշինջաղյան փողոցի 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում, որին մասնակցել են նաև նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ ծառայություն իրականացնելով շտաբի մուտքի դռան մոտ՝ քննչական գործողությանը մասնակից չհանդիսացող քաղաքացիների մուտքը հիշյալ տարածք արգելելու նպատակով:

Ըստ զեկուցագրի՝ ժամը 19:10-ին, երբ Ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն (խոսքը Գրիգորի Գրիգորյանի մասին է,-հեղ.) կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:

Բացի այդ, Գ.Գ.-ն, քաշքշուկ հրահրելով, վնասել է մուտքի դռան փեղկը՝ այդկերպ հնարավորություն ընձեռելով դրսում գտնվող 30-40 մարդու ներս մտնել՝ անտեսելով ոստիկանության աշխատակիցների՝ շինությունից դուրս գալու և իրականացվող գործողություններին չխոչընդոտելու օրինական պահանջները: Այնուհետեւ միջադեպին ներկա գտնվող անձինք, հրելով եւ քաշքշելով, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով եւ բղավոցներով:

Նշենք, որ Գրիգորի Գրիգորյանը Աջափնյակի թաղապետի տեղակալն է: Աջափնյակի թաղապետը ՀՀԿ-ական Արտավազդ Սարգսյանն է:

Armtimes.com