Բ. Սահակյանը ԵԽ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Եվրոպայի տարբեր կառույցների հետ համագործակցությունը


Բ. Սահակյանը ԵԽ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Եվրոպայի տարբեր կառույցների հետ համագործակցությունը
Սեպտեմբեր 27 20:20 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը՝ պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Եվրախորհրդարանի հետ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպայի և նրա տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու խորացումը եղել և մնում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը՝ բարձր գնահատելով Էլենի Թեոխարուսի և Արցախի մյուս բարեկամների անձնվեր աշխատանքն այս ուղղությամբ:

Արցախյան գոյամարտի տարիներին ԼՂՀ-ում իրականացրած բարեգործական առաքելությունների, արտերկրում Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու համար Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն Էլենի Թեոխարուսին է հանձնել Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչման վկայականը։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: