Վարորդները պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը


Վարորդները պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը
Սեպտեմբեր 27 14:14 2018

2018 հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկերի ներմուծումը։ Հիմնականում հիմք հանդիսացան ոստիկանությունից այնպիսի տվյալներ, որոնք գոյություն չունեն։ Իբր աջ ղեկերը մեծ վտանգ են ներկայացնում երթևեկության համար, բերվեց տվյալ, որ ընդհանուր վթարների 30 տոկոս կազմում են աջ ղեկային մեքենաները։ Սա սուտ է, բոլորը թվերը կեղծ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը:

Նրա խոսքով՝ կառավարության որոշման վրա ներգործություն են ունեցել խոշոր ներկրողները, ովքեր ավելի էժան աջ ղեկով մեքենաների ներկրումից հետո չէին կարողանում վաճառել իրենց ներկրած թանկ մեքենաները։

«Աջ ղեկային մեքենաների վարորդներն ավելի զգույշ են և ավելի քիչ են վթարի ենթարկվում, քան ձախակողմյան տեղաբաշխմամբ մեքենաների վարորդները։ Վարորդները դիմել են վարչապետին՝ պահանջելով վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։ Խնդիրը գտնվում է ուսումնասիրության փուլում»,-ասաց նա:

«SBT Japan» ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Վաչագան Մինասյանի տեղեկացմամբ՝ այսօր ՌԴ ամսական 15 հազար աջ ղեկով մեքենա է ներկրվում՝ առանց որևէ արգելքի։

«Չգիտես ինչու, Հայաստանում դա արգելվել է։ Սկզբնական շրջանում հայտարարում էին, որ այս օրենքն ընդունվել է ժամանակավոր՝ մինչև հոկտեմբերի 1-ը և բոլորն արդեն պատրաստված գնել են մեքենաներ, որ հոկտեմբերի 1-ին պետք է ներկրեն Հայաստան։ Միայն մեր ընկերությունից հոկտեմբերի ամսին գնվել է 5-6 հազար մեքենա, որը գալիս է Վրաստան։ Իսկ Վրաստանում ուղղակի հնարավոր չէ այդ քանակությամբ մեքենաները ղեկը տեղափոխել ձախ կողմ»,- նշեց նա:

Մինասյնաը վստահեցնում է, որ ղեկի աջից ձախ տեղափոխումը մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ վերասարքավորումն արվում է շատ արագ, ոչ պրոֆեսիոնալ ձևով։