Առատաձեռնություն, սեր և պարզություն. No garlic No onions լիբանանյան նախագծի բլոգերը նկարագրում է հայկական խոհանոցը


Առատաձեռնություն, սեր և պարզություն. No garlic No onions լիբանանյան նախագծի բլոգերը նկարագրում է հայկական խոհանոցը
Մայիս 5 15:10 2018

Առատաձեռնություն, կիրք, սեր և պարզություն. այս օրերին Հայաստանում գտնվող լիբանանցի հայտնի բլոգերն այսպիսի բնութագիր է տալիս հայկական խոհանոցին:

«Արմենպրես»-ը զրուցել է լիբանանցի բլոգեր Անտոնի Ռահայելի հետ, ով լիբանանից ժամանել է Հայաստան աշխարհին ցույց տալու հայկական խոհանոցն իր բոլոր առանձնահատկություններով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի՝ Լիբանանում և Ծոցի Արաբական երկրներում Հայաստանի գրավչությունը մեծացնելու քաղաքականության շրջանակներում լիբանանյան No Garlic No Onions նախագծի նկարահանող թիմը Հայաստանում է՝ բացահայտելու համեղ Հայաստանը։

Անտոնի Ռահայելն ու No garlic No onions նախագիծը

Ես Անտոնի Ռահայելն եմ, լիբանանցի բլոգեր և իմ No garlic No onions նախագծի միջոցով աշխարհին ցույց եմ տալիս տարբեր երկրների իրական խոհանոցները, որոնք չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ, բացահայտում եմ նրանց ազգային, ավանդական կերակուրները և երջանկություն սփռում ամենուր: Այս նախագիծը յուրահատուկ «գիդ-ուղեցույց» է գաստրոզբոսաշրջությամբ հետաքրքրվողների համար: Այն պատմում է տարբեր երկրների խոհանոցային առանձնահատկությունների մասին, հայտնի և ոչ այնքան հայտնի ռեստորանների մասին՝ բացահայտելով տվյալ երկրի ողջ գաստրոզբոսաշրջային ներուժը։

No garlic No onions նախագիծը Հայաստանում

No garlic No onions նախագծի շրջանակում մենք երկու բան ենք անում` դրական լիցքեր ենք հաղորդում և երջանկություն սփռում ամենուր: Մենք արդեն 7 օր է, ինչ Հայաստանում ենք և փորձում ենք բացահայտել այն իր ողջ հմայքով ու ցույց տալ այն, ինչի մասին չի ասվել և չի ցուցադրվել: Արդեն եղել ենք Դիլիջանում, Գոշավանքում, Սևանում, Գառնիում, Գեղարդում, Գյումրիում, Երևանում եղել ենք Հաղթանակի զբոսայգում, ԳՈւՄ-ի շուկայում, Վերնիսաժում, «Նոյ» կոնյակի գործարանում: Դեռ պետք է այցելենք Արենի, Նորավանք, Խոր Վիրապի վանք, Գորիս, Տաթևի վանք, Ջերմուկ: Մեր նախագծի միջոցով մենք նաև ցանկանում ենք ցույց տալ իրականությունը և փոխել մարդկանց ընկալումները, որոնք ստեղծվել են այս կամ այն հարցի շուրջ: Մենք այստեղ ենք, որպեսզի բացահայտենք այս հիանալի երկիրն՝ իր հրաշալի մարդկանցով և մեդիայի միջոցով ցույց տանք այն, ինչի մասին դեռ բավականաչափ չի ասվել:

Հայերը Լիբանանում

Իրականում մենք երկու ժողովուրդ ենք, որ ապրում ենք մեկ երկրում, այսինքն` Լիբանանում ապրում է ավելի քան 800 հազար հայ և մենք բավականին մոտ ենք և կիսում ենք նույն մշակույթը: Հիանալի է այն փաստը, որ ընդամենը 2 ժամ է Լիբանանից մինչև Հայաստան, վիզայի կարիք չկա և ես բոլորին հրավիրում եմ այստեղ՝ «ճաշակելու» այս հիանալի երկիրը: Լիբանանում` ասելով հայկական խոհանոց, անմիջապես հասկանում ենք սխտոր, համեմունքներ և այլ տարբեր բաներ: Երբ գալիս էի Հայաստան` այդքան էլ լավ չէի պատկերացնում ինչ սպասել, ինչ կտեսնեմ և ինչ կզգամ: Գալով այստեղ` տեսա մարդկանց, ովքեր սիրում են կյանքը, վայելում են այն, բայց ինչ վերաբերում է այստեղի հայկական խոհանոցին` չտեսա ոչ մի նմանություն Լիբանանի հայկական խոհանոցի հետ: Ես շատ երկրներում եմ եղել, և բոլոր խոհանոցները շատ տարբեր են և կան խոհանոցներ, որոնք հիմնված են կրքի վրա կամ ավելի բարդ են նաև գուրմանների համար: Հայկական խոհանոցն ինձ համար հեշտ է, բայց միևնույն ժամանակ շատ բարդ ու կրքով և սիրով լցված:

Հայկական խոհանոցը լիբանանցու աչքերով

Հայաստանյան իրականությունում համեմունքները համեմատաբար քիչ են, բայց միևնույն ժամանակ համերը տարբեր են և բազմազան, ավելի շատ կենտրոնացած են հատապտուղների, դեղաբույսերի և բուսական ուտեստների վրա և ամեն ուտելիք հնարավորություն է տալիս քեզ «շրջագայել» Հայաստանում: Ես շատ եմ հավանել ուտելիքների բազմազանությունը, հատկապես սպիտակ պանիրը, որը որքան փորձում եմ, ամեն անգամ ավելի ու ավելի համեղ է թվում, բոլոր հացերը, որ կերել եմ` հիանալի են և լավաշի պատրաստման գործընթացն ինձ համար շատ հետաքրքիր էր: Լիբանանում բոլոր հացերը տարբեր համեր ունեն, իսկ այստեղ բոլոր հացերն ու լավաշները նույն բաղադրատոմսով են պատրաստվում և բոլորն էլ շատ համեղ: Դուք` հայերդ, ունեք աշխարհի ամենահամեղ ջեմերն ու մուրաբաները, որ կա աշխարհում: Ընկույզի մուրաբան ես արդեն իսկ գնել եմ, որպեսզի տանեմ ինձ հետ, սմբուկի մուրաբան, ծիրանի ջեմը նույնպես շատ համեղ է, իսկ չրերը` «այս աշխարհից չեն»: Համտեսել եմ ճուտ, որը պատրաստել էր Սեդրակ Մամուլյանը և խոսքեր չկան ուղղակի նկարագրելու դրա համը: Ես կերել եմ նաև ժենգյալով հաց, որը բացառիկ համ ուներ: Գյումրիում ձուկ եմ կերել և այն ուղղակի հրաշալի էր, տոլման անմահական համ ունի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում