«Հայրենիք» կուսակցության Էջմիածին համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանը իրավական համակարգի բացակայության հետևանք է համարում Վեհափառ հայրապետի եղբոր ու եղբորդու կալանքը:
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ոչ մի բանի համար տալիս են կալանք, 5 տարվա ազատազրկում: Իրավական համակարգը գտնվում է մեկ անձի ձեռքին, ու նա չի թաքցրել, հրապարակային ասել է՝ կա՞ մի դատավոր, որը իմ ասածը չանի: Ինչ ուզում, ոնց ուզում՝ անում են»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկ Մանուկյանը:
Նա դեպքի վերաբերյալ հրապարակված տեսանյութը չի նայել, բայց առանց դրա էլ ամեն ինչ պարզ է.
«Տեսանյութը նայելու անհրաժեշտություն չկա, նայեմ, ի՞նչ անեմ: Ես ամեն ինչ վերևից եմ տեսնում: Ակնհայտ է՝ սա ում դեմ է ուղղված, ինչ արշավի շրջանակում է իրականացվում: Չեմ ուզում մանրանալ»:
Խաչիկ Մանուկյանի խոսքով՝ երկրում տեղի ունեցող հակաիրավական գործընթացները այլևս ոչ մեկին չեն զարմացնում.
«Եթե սրբազաններին, որոնք մեր ազգի նվիրյալներն էին, կալանավորեցին, կարողացան մեկուսացնել, և մեր ազգը ձայն չհանեց, եթե հիմա նախապատրաստում են հարձակում Վեհափառի վրա, անուն ազգանունով դիմում ու ծաղրում են հոգևորականներին, և մեր ազգը լռում է, կշարունակեն ինչ ուզում են՝ անել»:










