«Հուզվեց, լացեց». Սպшնված 3-ամյա Տիգրանի մայրը որոշել է լքել համայնքը


«Հուզվեց, լացեց». Սպшնված 3-ամյա Տիգրանի մայրը որոշել է լքել համայնքը
Նոյեմբեր 4 22:09 2025

Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը Aysor.am-ին նոր մանրամասներ   ներկայացրեց՝ ինչպես են Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քրոջն ու եղբայրներին տեղափոխել ՀՕՖ։

«Որոշեցինք երեխաներին հենց  այսօր տեղափոխել ՀՕՖ: Մոր հետ զրուցեցինք, երեխաների հետ զրուցեցինք: Մայրը մի քիչ հուզվեց, լացեց: Ասացինք՝ ոչ, արի այսօր տեղափոխենք»,- ասաց Գալոյանը:

Նա հայտնեց նաև՝ տեղի ունեցածից հետո  սպանված փոքրիկի մայրը որոշել է լքել համայնքը.

«Մայրը որոշել է  այդ համայնքից  դուրս գալ, գնալ իր հորական տուն: Ասացինք, որ քո խիղճն էլ հանգիստ լինի, քո ուղեկցությամբ կտանենք երեխաներին, քո ձեռքով կտեղավորես նրանց, հետ կգաս քո տուն»։

Գալոյանը հայտնեց՝ հիմա ճանապարհին են, երեխաներին արդեն տանում են։ 

Պարոն Գալոյանից հետաքրքրվեցինք՝ երեխաներն ինչպե՞ս են ընդունել մորից բաժանվելու լուրը, չեն ընդդիմացե՞լ:

Ի պատասխան՝ Գալոյանն ասաց. «Դե, մի երեխան հաշմանդամ էր, բացարձակ չէր զգում: Էն չխոսող երեխան, որ Տիգրանի հետ էր, սառած նայում էր, չէր խոսում: Մեծ աղջիկն էր խոսում, ասացինք՝ եղբայրներիդ էլ ուշադիր կլինես։ Պետք էր, որ երեխաներն այդ միջավայրից դուրս գային: Երեխաների հետ աշխատանք կտարվի ՀՕՖ-ում: Այդ չխոսող երեխայի հետ այնքան էլ շատ աշխատանք չեն տարել: Կարող է՝ հիմա մի քիչ աշխատանք տանեն, արդեն բառեր ասի»:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը այսօր հրատապ նիստ էր հրավիրել՝ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը որոշելու նպատակով:

Հիշեցնենք նաև, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Սպանություն կատարելու մեջ մեղադրվում է երեխայի հայրը: Նա կալանավորվել է: Նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: