Եթե Արման Թաթոյանը վարչապետ դառնալու շանս չունենար, այս ամեն ինչի տակ չէինք մտնի. Դավիթ Անանյան


Եթե Արման Թաթոյանը վարչապետ դառնալու շանս չունենար, այս ամեն ինչի տակ չէինք մտնի. Դավիթ Անանյան
Նոյեմբեր 5 22:44 2025

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նպատակ ունի մասնակցել 2026 թվականի հերթական ընտրություններին և հաղթել, որովհետև այս նախաձեռնության հիմնադրի՝ Արման Թաթոյանի և բոլոր անդամների նպատակը մեկն է՝ հասնել Հայաստանում իշխանափոխության, այս մասին 168 TV-ի եթերում ասել է «ԴԻ ԷՍ ԷՅ» խորհրդատվական խմբի գլխավոր տնօրեն, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։

 

 

«Վերջին տարիների էլեկտորալ էվոլյուցիան, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների՝ ցույց է տալիս, որ հանրության 50-70 տոկոսը չի մասնակցում քաղաքական գործընթացներին։ Մենք տեսնում ենք, որ նախկինում քաղաքական դերակատարներին չի հաջողվել հենց այդ 50-70 տոկոսին ներգրավվել քաղաքական գործընթացներին, հետևապես՝ մենք մտնում ենք քաղաքական դաշտ՝ հենց դա անելու և այլընտրանք առաջարկելու նպատակով»,- ասաց Դավիթ Անանյանը։

 

Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում «Միասնության թևերն» ունի ընդամենը մեկ հակառակորդ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև նրանց արբանյակները, ուստի ընդդիմադիր մյուս ուժերն իրենց մրցակիցներն են։

«Հայաստանի նախորդ երեք պաշտոնաթող նախագահների և նրանց քաղաքական թիմերի հետ կապված էլ նախընտրական փուլում մենք ոչ թե վախ ունենք, այլ մտահոգություն. ընդամենն առաջարկում ենք առկա 50-70 տոկոսանոց վակուումը լցնել նոր այլընտրանքով»,- ասաց Անանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նախորդ իշխանությունների ղեկավարների և նրանց քաղաքական միավորների հետ չհամագործակցությունը նախընտրական փուլում, նախկինների պես չքննադատվելու վախի՞ց է բխում։

Ըստ նրա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախընտրելի է, որ ձևավորվի 3-4 բևեռ, որոնք էլ իրենց մեջ կմիավորեն նաև ընդդիմադիր շատ ուժերի և, ըստ էության, այդ 3-4 բևեռը կապահովի ընդդիմադիր դաշտի միավորում ասվածը։

«Մեր պատկերացրած մեկտեղումը 3-4 հենասյուներով մեկտեղումն է։ Կլինեն 3-4 հենասյուներ, որոնք էլ իրենց մեջ կներառեն ՔՊ-ին հակա այլ ուժերի, որովհետև համընդհանուր մեկ միասնական ճակատի ձևավորում հնարավոր չի լիելու։ Մենք մեր սոցիոլոգիական հարցումներն ունենք, մեր ֆոկուս խմբերը, ըստ որոնց, այո՛, Արման Թաթոյանը եթե ՀՀ վարչապետ դառնալու շանս չունենար, մենք այս ամեն ինչի տակ չէինք մտնի։ Եթե շանս չունենար, խաղասեղանին չէինք դնի մեր ամեն ինչը՝ անցած ճանապարհը։ Մեր նպատակը համընդհանուր իշխանական տորթից մի կտոր պոկելը չէ. նման մտադրությունն անգամ կնվաստացներ մեր նպատակը»,- ասաց Անանյանը։