Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 800 մլն դրամ, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր քյարը որն է. Մեսրոպ Մանուկյան


Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 800 մլն դրամ, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր քյարը որն է. Մեսրոպ Մանուկյան
Հոկտեմբեր 28 21:53 2026

«Ներկայումս Հաշվեքննիչ պալատից (ՀՊ) առնվազը 3-ը նախկին Վերահսկիչ պալատի կարկառուն դեմքերն են, մեկն էլ կրկին նախկիններից, եկել է ԱԺ-ից, հիմա ուզում եմ հասկանամ ձեր ասած համակարգային կոռուպցիան։ Եթե մեկը վերցրել է, ուրեմը մեկին պետք է տար չէ՞, մոտավորապես այդպես պետք է լիներ»,-Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրված Կարեն Առուստամյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նշելով, որ ՀՊ-ն նախկինում գնացել պետական կառույցները ստուգել են՝ հարցրեց, թե ինչ վիճակ է եղել։

«Ստացվում է  ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի, բայց ամենաշատը Վերահսկիչ պալատին և նրա նախագահին քննադատել է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց ընդդիմադիր պատգամվորը և հարցեր տվեց ՀՊ նախկին հաշվետվությունից,  միլիոնավոր դրամների խեղաթյուրման և նույն Առուստամյանի համակարգած քննության ընթացքում բացահատած 21 մլրդ դրամի խեղաթյուրման մասին, և հետաքրքրվեց, թե այդ բացահայտումներից բյուջե վերադարձի հաշվետվություն ունե՞ն։«Մի բան էլ եմ ուզում հասկանալ, այն վախենալու թվերը, որ ասում եք. «խեղաթյուրվել» է 21 մլրդ դրամ, կամ Աշտարակի համայնքապետարանում 1.1 մլրդ դրամ նվազ խեղաթյուրում։ Նվազ ու ավել խեղաթյուրումն ինչ է, դրանից հետո կապը կտրվում է, թե ինչ-որ պաշտոնյա մեղադրվե՞լ է կամ գործ է հարուցվել։Կարեն Առուստամյանն ասաց, որ մեթոդական առումով խեղաթյուրումը դեռ չարաշահում չէ, իսկ պալատի աշխատանքի արդյունավետությունը չի գնահատվում բյուջե վերականգնած գումարներով, այլ այն է, թե ՀՊ-ն արդյունավետությունը բարձրացնելու առաջարկություն ներկայացրել է և այն արդյոք ընդունվել է։

«Ես արձանագրեցի, որ դուք խուսանավեցիք պատասխանել, թե մի հատ 548 մլն դրամ նախնական վնասն ինչ եղավ 2024 թվականին. 2023 թվականի հաշվետվությունում էլ 222 մլն վնասն էր։ Ձեր պալատի գործունեությունը հարկատուների վրա նստել է այս տարի 800 մլն դրամ, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր քյարը որն է այդտեղ։ Հարկատուն հարկը տալիս է, որ դուք աշխատեք, բերեք այդ վնասները վերականգնեք, գաք ասեք, որ այսքան գումար հետ է եկել բյուջե»,-արձանագրեց  Մեսրոպ Մանուկյանը։

Առուստամյանը նշեց, որ առավել արդյունավետ կլինի համակարգային առաջարկ ներկայացնել և համակարգային խնդիր լուծել, քան գումարներ մուտքագերը։