ԹՐԻՓՓ-ի շրջանակում ավտոճանապարհի հետ կապված դեռևս կոնկրետությունը չկա. Մհեր Գրիգորյան


ԹՐԻՓՓ-ի շրջանակում ավտոճանապարհի հետ կապված դեռևս կոնկրետությունը չկա. Մհեր Գրիգորյան
Հոկտեմբեր 28 19:41 2026

«ԹՐԻՓՓ նախագծի դեպքում երկաթգծի հետ կապված օգտագործվելու է նույն տարածքը, որով երկաթգիծը անցել է  խորհրդային ժամանակներում, երկարությունը կազմում է  շուրջ 42 կմ, անցնում է  Արաքսի հովտով»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին՝ ի՞նչ կոնկրետ տարածք է ներառում ԹՐԻՓՓ նախագիծը, ՀՀ ինքնիշխան տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն է ներառում։

Գրիգորյանն ասաց, որ այդ հատվածում որևէ մասնավոր հող գոյություն չունի, որովհետև սահմանային շերտ ու սահմանային գոտիներով է  անցնում. «Երկաթգիծը լինելու է դասական, ռեգիոնալ նշանակության երկաթգիծ, լինելու է մեկ գծային»։

Ինչ վերաբերում է ավտոճանապարհին, նա նշեց, որ կոնկրետությունը դեռևս վերջնական չէ, ինչո՞ւ՝ որովհետև այդ ավտոճանապարհը պետք է ունենա ռեգիոնալ նշանակության պարամետրեր, չի կարող լինել ցանկացած տեխնիկական տեսքի, որովհետև մրցունակ չի լինի։

«Բարդությունն ինչո՞ւմն է  կայանում. Նախիջևանի մասում միացման հատվածը շատ նեղ է զուտ աշխարհագրական տեսանկյունից։ Դա է պատճառը, որ տեխնիկական փորձաքննությունների կարիք կա, այդ թվում թունելների կամ ոչ թունելերի, աշխատանքները դեռևս ավարտված չեն, այդ իսկ պատճառով չեմ կարողանում կոնկրետ պատասխան տալ»,- ասաց փոխվարչապետը։

 Մարիաննա Ղահրամանյանը նշեց, որ  լայնության հետ կապված խուսափում են որևէ հստակություն մտցնել։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով, ընդդիմությունը հարցնում է որքա՞ն է  ԹՐԻՓՓ-ի լայնությունը, քանի որ նրանց մոտ թյուրըմբռնում կա, որ ԹՐԻՓԸԸ-ը ոչ թե նախագիծ է, այլ տարածք, որը վարձակալությամբ տրվում է այլ պետության։  

Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «ԹՐԻՓՓ-ը կոնցեսիոն իրավունքների մասին է։ Օդանավակայանի օրինակով բերեմ. կոնցեսիոն իրավունք է շնորհված, որը տարածքի հետ որևէ կապ չունի։ Իրավունք է, որը շահագործման կանոններ է սահմանում, շահագործման իրավունք է տալիս շատ որոշակի ժամկետով, ընդ որում՝ խզման հնարավորությամբ։

Այդ իմաստով լայնության վերաբերյալ հարցին պատասխանել ուղղակի անհնարին է, խոսում ենք 5-6 պոտենցիալ ենթակառուցվածքի կոնցեսիոն իրավունքի մասին, ապագայում՝ այդ թվում գազամուղի, նավթամուղի, այդ ենթակառուցվածքների լոկացիաները շատ տարբեր են լինելու»։