Այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի պետությունը, մեզ մեր գործատուն չի նստացրել տանը. Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակից


Այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի պետությունը, մեզ մեր գործատուն չի նստացրել տանը. Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակից
Հուլիս 13 13:09 2026

«Երկում պատերազմական վիճակ չկա, համաճարակ չկա, ես ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ պետք է ժողովուրդը հարկադիր պարապուրդի գնա»,-իշխանություններին հեռակա հարց է տալիս «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցը։

Նա և գործընկերն այսօր հավաքվել են իրավապահների կողմից փակված կոմբինատի դիմաց՝ հնչեցնելու իրենց հարցերն ու պահանջները։ Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ, գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումների շրջանակում իրավապահները կապարակնքել են նրան պատկանող տասնյակ ընկերությունների դռները, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի։

«Ո՞վ է այս ամենի պատասխանատվությունը կրելու, մարդիկ ունեն բազմաթիվ հարցեր, խնդիրներ, անձամբ ես անչափահաս երեխայի մայր եմ, նրա խնամքն ինձ վրա է։ Բոլորս տարբեր խնդիրներ ունենք։ Այո, աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին, նրանից գոհ ենք, շնորհակալ ենք։ Չի՞ կարելի այս ամենն անել անցնցում, որպեսզի մարդիկ չկանգնեն նման խնդիրների առաջ»,-ասաց կոմբինատի աշխատակից կինը։

Նա նշեց՝ ինքն ու գործընկերները քաղաքականությանը չեն խառնվում, Գագիկ Ծառուկյանին ճանաչում են որպես անհատ, բարերար ու գերազանց գործատու։

«Մեզ դա բավարար է։ Այո, մենք հորդորում ենք, պահանջում ենք, խնդրում ենք մեր պարոն վարչապետին, որպեսզի վերանայի այս ամենը, այսքան ժողովրդի չթողնի բախտի քմահաճույքին։ Այս ամենի պատասխանատվությունը միանշանակ պետք է կրի պետությունըը, մեզ մեր գործատուն չի նստացրել տանը, պետական մակարդակով է այս ամենն արվում»,-ասաց կինը։

Նրա կարծիքով, կոմբինատն ունի մոտ 700 աշխատակից, ինչը նշանակում է, որ այդքան ընտանիք կունենա ֆինանսական ու հոգեբանական խնդիրներ։

«Մի շաբաթ է այս վիճակն է, դեռ հայտնի էլ չի ինչքան կտևի»,-ասաց նա։