Սերժ Սարգսյանի՝ 2018-ից ի վեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հղած ուղերձների կարևոր հատվածները․
Հայոց ցեղասպանության ժխտումը՝ նոր ցեղասպանությունների սպառնալիք
«Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չի ավարտվել։ Թուրքական արնածոր յաթաղանը դեռևս կախված է հայ ժողովրդի գլխին և մնալու է որպես սպառնալիք, քանի դեռ՝
* հայ ժողովուրդը չի հաղթահարել զոհի բարդույթը՝ արժանապատվորեն պաշտպանելով իր իրավունքները,
* վաղեմության ժամկետ չունեցող հանցագործությունը՝ ցեղասպանությունը, չի պատժվել և դաս չի դարձել նման ոճրագործության ունակ հանցագործների համար, քանի դեռ՝
* հայ ժողովուրդը հերթական անգամ դաս չի քաղում պատմությունից, չի գիտակցում իր սխալներն ու բացթողումները, իսկ ներկայիս իշխանության մեջ որոշ տկարամիտ աթոռապաշտներ, ուրանալով ընդամենը մի քանի ամիս առաջ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ իրենց հազարավոր հայրենակիցների խոշտանգման ու սպանության փաստերը, պատրաստ են պարտվածի հոգեբանությամբ ազգային շահերի հաշվին ծնկաչոք խաղաղություն մուրալ դահճից»։
Ճշմարտության կոծկման դեմ պայքարը՝ ողջամտությունը չկորցնելու երաշխիք
«Զգոն լինենք և միշտ պայքարի պատրաստ, երբ մեր թշնամին կփորձի կրկին իրագործել իր դարավոր երազանքը։ Դիմում եմ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին՝ փնտրեք ճշմարտությունը, փնտրեք ամենուր, քանի որ դրա հետքերը, որքան էլ փորձեն կոծկել ու վերացնել, սփռված են աշխարհով մեկ։ Գտեք և ընթերցեք ականատեսների վկայությունները, հավատացեք ճշմարտության համար հալածվող ձեր մտավորականներին, ովքեր համարձակություն և ազնվություն են ունեցել բարձրաձայնելու ճշմարտությունը։ Ավելի լավ աշխարհում և կողք-կողքի խաղաղ ապրելու համար ճշմարտությունն իմանալը, դրա համար պայքարելն ու ողջախոհությունը չկորցնելը կարևոր է»։
Պատմության նենգափոխումը՝ հանցանքը պարտակելու փորձ
«Պատմությունը ջնջելու կամ նենգափոխելու փորձերը բոլոր ժամանակներում նպատակ ունեն հանցանքը պարտակելու և հանցագործներին արդարացնելու։ Կարևոր առիթներով ես մշտապես կրում եմ ցեղասպանության դեմ պայքարի խորհրդանիշ դարձած անմոռուկը։ Այն շատ հստակ խորհուրդ և պատգամ ունի․ մեր ժողովրդի հետ ավելի քան մեկ դար առաջ կատարված ոճրագործությունը երբեք չի կարելի մոռանալ»։
Մեր ապագան՝ մեր պայքարի միջոցով
«Մենք բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր և անգամ 21-րդ դարում խելահեղ պատերազմների ու արյան մեջ ընկղմվող աշխարհը դարձնել ավելի լավը, եթե լինենք վճռական և այս անգամ չհապաղենք, անտարբեր չլինենք ու պայքարենք մեր իրավունքների և ազատության համար»։
«ՀԻՇԵ՛Լ պատմությունը, դասե՛ր քաղել նրանից, ՊԱՀԱՆՋԵ՛Լ պատմության հետ առերեսում այն նենգափոխողներից՝ ներսում թե դրսում, ամեն գնով հզորանա՛լ և տեր կանգնել մեր ապագային։ Սա՛ է ապրելու մեր բանաձևը։ Եվ սա՛ պիտի դառնա մեր հավատամքը»։
Հանուն ձեր զավակների ապագայի, սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու նրանց իրավունքի, հանուն դրա հարյուրամյակներով կռիվ ու կյանք տված մեր նահատակների անմահ հիշատակի՝ դուրս եկեք թմբիրից, վանեք ձեզնից անտարբերությունն ու հուսահատությունը և կանգնեք ձեր պայքարող եղբայրների ու քույրերի կողքին։ Նրանց պայքարը նաև ձեր ու ձեր զավակների վաղվա օրվա համար է։
Մենք պիտի գիտակցենք, որ աշխարհում, այլ ժողովուրդների կողքին հավասարապես, Աստծու տված մեր բնօրրանում խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը մերն է։ Եթե անգամ մեր ուժն այսօր դեռևս բավարար չէ՝ այն տմարդիաբար մսխողների պատճառով, միևնույն է, չպիտի զիջենք մեր իրավունքը և պիտի ձգտենք հզորանալ»։
Հայ ժողովրդի համազգային ընդվզումը՝ ի նպաստ պետականության պահպանման
«Արցախն ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը պատմական արդարության, սեփական իրավունքների վերականգնման համար որակում որպես սպառնալիք պետությանը։ Դա կարող է սպառնալիք լինել միայն իրենց աթոռի կորստյան, բայց ոչ երբեք պետության համար։
Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում։ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը»։