«Կարծում եմ՝ կենսաթոշակից անկանխիկ առևտրի դեպքում վերադարձի համակարգը լավն է, և հետագայում պետք է զարգացնենք դա», ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով կենսաթոշակների բարձրացման հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է հասկանանք մի շատ պարզ իրողություն՝ մենք ունենք բյուջե, դա վճարված հարկերից է ձևավորվում։ Ամեն անգամ, երբ խոսում ենք տարբեր սոցիալական ծրագրերի ավելացման ծախսերի մասին, պետք է խոսենք եկամուտները նույնպես ավելացնելու մասին:Դուք եք էլի ասել, որ մարդը չի կարողանում ոսկին փաստաթղթավորի, դա նշանակում է, որ մենք էլ թոշակը չենք կարողանալու ավելացնել: Ոսկին պետք է փաստաթղթավորվի, որ թոշակն ավելացնենք։ Բերեցի, ցույց տվեցի, որ մեր առևտուր անող ձեռնարկությունների մոտ 65 տոկոսը տնտեսագիտական ոչ մի հաշվարկով չպետք է գոյություն ունենա: Իրենք ասում են՝ չենք կարողանում փաստաթղթավորել, մենք էլ չենք կարողանում թաշակ ավելացնել։ Մարդն ասում է՝ վայ, մոռացա ՀԴՄ խփել․ ինքը մոռացավ, բայց մենք հիշում ենք, բայց չենք կարողանում թոշակն ավելացնել: Դե ասեք՝ ո՞ր ծախսը կրճատենք: Ուսուցիչների աշխատավարձն ավելացնում ենք, ատեստավորմամբ ենք ավելացնում ու ճիշտ ենք անում, զինվորականներինը ավելացնում ենք: Եթե ամբողջ պետական համակարգն աշխատավարձ չստանա, սենյակ էլ չտանք, իրենց կաբինետներում հոսանք չմիացնենք, մենք դրանով կկարողանանք մարդկանց թոշակը բարձրացնել ամիսը 9000 դրամով: Կարելի է մտածել՝ շատ լավ է, դե, եկեք անենք: Բայց այդ դեպքում ոչ մի թոշակառու թոշակ չի ստանալու, քանի որ այդ պաշտոնյաներն են եկամուտ գեներացնում»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ պետք է հասկանանք, թե ինչ մոդել ենք ուզում ունենալ:
«Իմ պատկերացումը հետևյալն է՝ պետք է աշխատենք շատ, որպեսզի շատ ծախսելու հնարավորություն ունենանք: Դրա համար, իմ պատկերացմամբ, առաջին հերթին կառավարությունը պետք է դպրոց, մանկապարտեզ կառուցի, բուհ ստեղծի, որպեսզի մարդիկ այդտեղ աշխատեն, ստեղծեն, պետությանը հարկեր վճարեն, որպեսզի այդ բոլոր հարցերը կարողանանք լուծել: Սա է մոդելը։ Սա սկզբունքային ու կարևոր հարց է: Մարդը չունի հարց, ի՞նչ անենք մենք: Մարդուն տանք հարց, տվեցինք, հաջորդ օրը տեսանք, որ էլի չունի, էլի՞ տանք: Իրավիճակը նույնն է՝ մարդն էլի չունի հարց: Մենք մեզ դրել ենք այդ ցիկլի մեջ և չենք կարողանում դրանից դուրս գալ: Ես պատասխանատու ասում եմ՝ ՀՀ ցանկացած քաղաքացի, ով աղքատության մեջ է, կենսամակարդակի հարց է, ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա, իր կրթության որևէ փուլում է այդ խնդիրն առաջացել: Մարդկանց սա դուր չի գալիս և դուր չի գալու, սա հակադարձվելու է հայհոյանքով, բայց մենք պետք է ասենք այս ճշմարտությունը՝ ով չի կարողանում ՀՀ-ում իր նվազագույն կենսամակարդակն ապահովել, պետք է հետ գնա ու տեսնի՝ իր կրթության ո՛ր փուլում է այդ խնդիրն առաջացել։ Ուրիշ տեղ չի առաջացել, դա առաջացել է դպրոցում: Դրա համար է, որ գնում եմ դպրոցների բացման, մի ուղերձ եմ տալիս՝ դպրոցում երեխան պետք է սովորի լավ ապրել: Դրա համար ենք այսօր դպրոցներ կառուցում»: