«Ժողովրդավարության բաստիոնում» «ազատ, արդար, թափանցիկ» ընտրություններ են․ Ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանն անդրադարձավ իր ու իր թիմի դեմ տարվող բռնաճնշումներին


«Ժողովրդավարության բաստիոնում» «ազատ, արդար, թափանցիկ» ընտրություններ են․ Ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանն անդրադարձավ իր ու իր թիմի դեմ տարվող բռնաճնշումներին
Մարտ 30 16:53 2025

«Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հրատապ ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր ու իր թիմի դեմ տարվող բռնաճնշումներին, ինչպես նաև ընտրություններում տեղ գտնող խախտումներին։

«Բոլորիդ աչքի առաջ է այն, ինչը  կատարվում է Գյումրիում․  «ժողովրդավարության բաստիոնում» «ազատ, արդար, թափանցիկ» ընտրություններ են ընթանում»,- հեգնանքով ասաց ընդդիմադիր թեկնածուն՝ հավելելով՝ տեղի ունեցող խախտումները հիմնականում ուղղված են իր ու իր թիմի դեմ։

Մարտուն Գրիգորյանը հիշատակեց ընտրողներից ստացված բազմաթիվ ահազանգերը, որ ընտրատեղամասերում նրանց չեն տրամադրում «Մեր քաղաքը» դաշինքի՝ 8-րդ համարի քվեաթերթիկը։

«Կոչ եմ անում հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց՝ ուշադիր եղեք, որ բոլոր քվեաթերթիկները տրամադրվեն մարդկանց»,- ասաց Գրիգորյանը։

Ընդդիմադիր թեկնածու թիմի անդամների մեքենաները կանգնեցնելու, առգրավելու դեպքերի առնչությամբ նշեց․

«Ընտրական պրոցեսները թողած՝ զբաղված ենք այդ հարցերով և հանդարտություն պահպանելով։ Արդեն քանի օր է՝ փորձում են խոչընդոտել, բայց չեն կարող մեզ հունից հանել, հավասարակշռությունից հանել, որ հիմքեր ստեղծեն իրենց համար՝ իմ թեկնածության հարցը վիճարկելու։ Մենք պահպանելու ենք հանգստություն»։