ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են․
«ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Բաքվում հայ գերիների ձևական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ www.freearmenianhostages.net և www.freearmenianhostages.am հասցեներով գործարկել է տեղեկատվական կայք՝ նպատակ ունենալով հայերեն և անգլերեն լեզուներով բարձրացնել իրազեկվածությունն Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ այդ թվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող շինծու դատաիրավական գործընթացների վերաբերյալ։
Այս կայքը կարող է օգտակար լինել Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինչպես հայկական, այնպես էլ օտար կազմակերպությունների համար՝ իբրև տեղեկատվական շտեմարան։
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը տարբեր ուղղություններով շարունակում է աշխատանքը՝ Բաքվում սպասվող դատական գործընթացի հանդեպ միջազգային ուշադրության առարկայացման և պահվող անձանց տունդարձի աշխատանքներին նպաստելու համար»։