Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի ձևավորած դաշինքը արդար է, հին ձևերով կուսակցական դառնալուց զերծ մնացինք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Առուշ Առուշանյանն ու ՔՊ-ի դաշինք ձևավորելու հետ կապված քննարկումներին:
«Քրեական գործերը չեն կարող բանեցվել որպես գործիք համայնքապետերի վրա, բայց ՔՊ-ն չի դուրս գալիս այն ելակետից, որ բոլոր համայնքներում պետք է լինեն ՔՊ-ական համայնքապետեր: Հակառակ պարագայում՝ նույն պարոն Առուշանյանը, կամ մեկ այլ համայնքապետ, կարող էին հին ձևերով դառնալ կուսակցական և դառնալ համայնքապետ: Մենք զերծ ենք մտնում այդ ընթացքից, իսկ դաշինքով հանդես գալը, կարծում եմ, որ արդար որոշում է՝ հաշվի առնելով Կառավարության այն մեծածավալ ծրագրերը, որոնք իրականացվում են տարբեր համայնքներում:
Դրան զուգահեռ, եթե տվյալ համայնքում համայնքապետը ունի բարձր հեղինակություն, ապա որևէ բան չի խանգարում, որպեսզի ինքը շարունակի պաշտոնավարումը։ Մեր ելակետը այն է, որ եթե տվյալ համայնքում կա անձ, ով վայելում է բարձր հեղինակություն, ապա որևէ խնդիր չկա դաշինքով հանդես գալու։ Դուք փորձում եք ենթատեքստ գտնել, բայց ես վստահեցնում եմ, որ այստեղ ենթատեքստ չկա»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ճեպազրույցում նշել էր, որ Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում Առուշ Առուշանյանն ու ՔՊ-ն դաշինք են ձևավորելու. «Առուշ Առուշանյանը ոչ թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով է հանդես գալու, այլ ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշ Առուշանյանը»,- նշել էր նա:










