Համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրություն. Տիգրան Նալչաջյան


Համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրություն. Տիգրան Նալչաջյան
Նոյեմբեր 22 13:28 2024

Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։

Panorama.am-ի հետ զրույցում Տիգրան Նալչաջյանն ասաց, որ թեև Վեդու մշակույթի տան հետ արդեն պայմանավորվածություն եղել է, սակայն ֆիլմի ցուցադրությունը, օրը պետք է հաստատվեր համայնքապետ Գարիկ Սարգսյանի կողմից։

«Դահլիճի վարձակալության համար դիմում են համյանքապետին։ Ես դիմել եմ համայնքապետին, որպեսզի թույլատրի ֆիլմի ցուցադրությունը։ Երկու անգամ իմ անունով դիմում եմ գրել, երկու անգամ էլ  համայնքապետն անհիմն, առանց լուրջ պատճառաբանության, մերժում է»,-նշեց ռեժիսորը։

Նա ասաց, որ առաջին անգամ դիմել էր օգոստոսի 23-ին. «Օգոստոսի 30-ին եկել է պատասխան՝ «քանի որ ամֆիթատրոնում իրականացնում ենք բացօթյա անվճար ֆիլմերի ցուցադրություններ, այս պահին նպատակահարմար չենք գտնում վճարովի ֆիլմի ցուցադրությունը»։ Իրականում դա էլ է անհիմն. մի բան է, որ ամֆիթատրոնում անվճար ցուցադրում եք ֆիլմեր, որոնք հասնելի են յութուբում, այլ հարթակներում, մեկ այլ բան է, որ փակում եք վարձույթ մտած ֆիլմի ճանապարհը։

Երկրորդ անգամ դիմեցի, մերժումն անհիմն էր, առանց որևէ պատճառաբանության, պատասխանում նշված է՝ «ձեր ֆիլմի ցուցադրությունը նպատակահարմար չենք համարում», իսկ մյուս ֆիլմերը ցուցադրվում են։ Դա կոնկրետ իմ ֆիլմին է վերաբերում»։

Ինչո՞ւ է Գարի Սարգսյանը մերժում կոնկրետ Տիգրան Նալչաջյանի ֆիլմի ցուցադրությունը Վեդիում։

Տ.Նալչաջյանն իր բացատրությունն ունի. «Գարիկ Սարգսյանին ճանաչում եմ 2017 թվականից։ Այն ժամանակ մենք բավականին ջերմ հարաբերություններ ենք ունեցել։ 2018 թվականին հեղափոխության օրերին մի քանի անգամ հանդիպել եմ փողոցներում։ Մենք ֆեյսբուքում ընկերներ էինք։ Ինչքան հիշում եմ 2022 թվականին, դժվարին օրեր էին մեզ համար, ողջ ժողովուրդը  վատ տրամադրության մեջ էր, կոնկրետ չեմ հիշում ինչ իրադարձություններ էին, նա 2018 թվականի հեղափոխության կադրերով վիդեո դրեց՝ փառաբանելով հեղափոխությունը։ Տակը գրեցի՝ «Գարիկ ջան,  մեկը ես, որ մի քանի անգամ իջել եմ հրապարակ, ամաչում եմ այսօր դրա համար»։ Նա ինձ ջնջեց ընկերներից։ Բնականաբար, քանի որ փոքրոգի, ճղճիմ մարդիկ են, բացառապես  կապում եմ դրա հետ։ Այլ պատճառ չպետք է լիներ։ Մեկ էլ կարող է վերնագրից կոնպլեքսավորել, կոչվում  «Կատարյալ ապուշը»»։

Նրա ներկայացմամբ, ֆիլմը Դոստոևսկու «Ապուշը» և  Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վեպերի փիլիսոփայությամբ է, իր բնույթով  դաստիարակչական է.  մի կերպարի մասին է, որ անընդհատ բարություն է  անում, փորձում է  աշխարհը փոխել դեպի լավը, վատ կերպարները դրա համար նրան «ապուշ» են ասում։ Ռեժիսորը նշեց, որ ֆիլմը  նկարել է իր հաշվին, «ոչ մի կոպեկ ոչ պետությունից եմ վերցրել, ոչ հովանավորներից»։ 

Տ. Նալչաջյանն ասաց, որ հենց մանկավարժարներն են իրեն փոխանցել՝ դաստիարակչական ֆիլմ է։

Ֆիլմը ցուցադրվել է Հայաստանի տարբեր քաղաքներում, կինոթատրոններում։ Ռեժիսորի խոսքով, որևէ տեղ ցուցադրության հետ կապված խոչընդոտների չի հանդիպել։

«Որոշել եմ ֆիլմը Վեդիում անպայման ցուցադրել, երբ Գարիկ Սարգսյանն այլևս չի լինի համայնքապետ։ Թող լինի մեկ տարուց, ... Ինձ թվում է՝  իր տիպի մարդիկ աթոռի վրա երկար չեն ձգում։ Դրա համար կարծում եմ՝ Վեդիում բավական շուտ այդ ցուցադրությունը կլինի»,- ասաց Տիգրան Նալչաջյանը։