Հայաստանում ինձանից շատ շահագրգիռ մարդ չկա, որ Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրումն առավել անխոչընդոտ և անվտանգ լինի։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց Բաղրամյան ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Գասպարյանը, ում ընկերությունն էլ ՌԴ-ից և Ղազախստանից ցորեն է ներկրում Ադրբեջանի տարածքով։
«Այն կապարակնիքը, որ ցորենի վագոնների վրա դրվել է ՌԴ-ում, բացվել է ՀՀ-ում։ Իհարկե, ես համոզված եմ, բայց 100 տոկոսի վստահ լինելու համար, որ ներկրված ցորենը անվտանգ է, ընդամենը պետք է առավելագույնը 10 օր սպասել Սննդամթերքի անվտանգության տեսչության պատասխանին»,- ասաց նա։
Նշենք, որ ՍԱՏՄ-ից Aysor.am-ին տեղեկացրել էին, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկից նմուշառու են վերցրել, որ ստուգեն։
Ըստ Գասպարյանի՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ մյուս բոլոր տրանզիտ երկրներում բեռին միջամտելու որևէ հարց չկա։ «Ընդամենն այդ երկրով անցել է, տրանզիտ է, բացի այդ՝ օնլայն երևում է երկաթգծերի ծրագրով՝ ուր հասավ, ուր կանգնեց, ինչքան ժամանակում անցավ, ամեն ինչն էլ վերահսկվում է։ Հիմա արդեն այս ճանապարհով՝ ՌԴ-ից երկաթուղով մուտք է գործում Վրաստան, Վրաստանից Ադրբեջան և Ադրբեջանից Հայաստան, իսկ Ղազախստանից նույնպես ռուսական երկաթուղով է գալիս»,- նշեց նա։
ՍՊԸ տնօրենը նշեց, որ Հայաստան ներկրվող շուրջ 300 000 տոնա ցորենից մեծ մասը հենց իրենց ընկերությունն է ներկրում։ «Դուք ինչ եք կարծում՝ ինչ-որ 1000 տոննայի համար, եթե վստահ չլինենք, որ անվտանգ է հասնելու մեր սպառողին, մենք ռիսկի կգնայի՞նք, չէ՞ որ ապրանքանիշի անուն գոյություն ունի, բայց եթե կա նման հնարավորություն, ինչու չօգտվել»,- ասաց նա։









