Քննչական կոմիտեի նախագահն օրերս անդրադարձ էր կատարել Սամվել Կարապետյանի «ապօրինի քրեական հետապնդմանը»: Փաստաբան Արամ Վարդևանյանն այս թեմայով մի քանի արձանագրում է կատարել։
«Սամվել Կարապետյանին մեղսագրվող իրավաբանությունից դուրս «կոչերի» դրվագը պարզ չէ ինչպես կամ ինչ իրավական մեխանիզմով միացվել է տնտեսական բնույթի՝ վերջինիս հետ ոչ մի կերպ չառնչվող վարույթներին: Միաժամանակ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը ուղիղ ամրագրում է վարույթների անջատման հնարավորությունը: Ի դեպ, անջատման դատավարական գործողություններ իրավապահների կողմից կատարվում են բազմաթիվ անգամներ: Ի դեպ, միջնորդություն անջատման վերաբերյալ ներկայացվել է հենց մեր կողմից, քանի որ մենք չենք հավատում, որ Քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսի 17-ի ֆեյսբուքյան արդարադատության, քաղաքական հետապնդման և Սամվել Կարապետյանի 135 օրից ավելի ապօրինի կալանքի պայմաններում կարող է դադարեցնել այս հետապնդումը, սակայն կարևոր է, որ նախաքննական գաղտնիքին, դռնփակ նիստերին վերջ տրվի: Նման մեծ քննչական խումբը (53 քննիչ) մեզ նույնիսկ պատասխան մինչ օրս չի տրամադրել:
2) Ի դեպ, «Մեր ձևով» արտահայտությունը հանցանք որակելու դրվագով՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը հինգ ամիս է: 2025 թվականի հունիսի 17-ին հարուցման պայմաններում այդ ժամկետն առաջիկա օրերին լրանում է: Տնտեսական բնույթի մեղադրանքները ներկայացվել են այս ժամկետի հաշվարկին միջամտության և ամեն կերպ ապօրինի կալանքի արհեստական, անհիմն հիմքեր ստեղծելու նպատակով: 2025 թվականի օգոստոսի 15-ից մինչ օրս որևէ Դատարան չի արձանագրել տնտեսական բնույթի մեղադրանքներով, նույնիսկ հիմնավոր կասկածը, իսկ վերջին դատական ակտով քննչական մարմնին տրամադրվել էր մեկ ամիս, որն այլևս խախտվել է: Ակնհայտ է, որ Դատարանի որոշումը չի հարգվել իրավապահների կողմից։
3) Ակնհայտ է, որ իրավապահներն ակնկալում են աջակցություն Վճռաբեկ դատարանից: Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դատախազության բողոքը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, սակայն Վճռաբեկ դատարանը եթե այդ որոշումը չկայացնի մինչև նոյեմբերի 11-ը, ակնկալվող «աջակցությունը» կիմաստազրկվի:
Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը երբեք վարույթ ընդունելու պայմաններում նման կարճ ժամանակահատվածում որոշում չի կայացրել: Հետևությունները թողնում եմ մեր հանրությանը:
Ազատություն՝ բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Վարդևանյանը։









