Արցախցիների որևէ քայլ ՀՀ-ի համար վտանգ չի կարող լինել, ազգային շահը վտանգողը ՀՀ իշխանություններն են


Արցախցիների որևէ քայլ ՀՀ-ի համար վտանգ չի կարող լինել, ազգային շահը վտանգողը ՀՀ իշխանություններն են
Մարտ 27 21:57 2024

Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում կա 1 կառավարություն և ոչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, քանի որ այն մարտահրավեր է ՀՀ ազգային անվտանգությանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը, թե, այո՛, շարունակում է գործել Արցախի կառավարությունը։ 24News-ը թեմայի առնչությամբ զրուցել է Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

 

«Մեր ցանկացած քայլ, գործընթաց, գործառույթ մեկ միտում ունի՝ վերադարձ Արցախ կամ Արցախի վերադարձը հայությանը»,- ասաց Հակոբյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

 

Պատգամավորի խոսքով, վերադառնալու դեպքում Արցախի իշխանությունները պետք է շարունակեն իրենց գործունեությունը և դրա համար շատ կարևոր է, որ այդ ինստիտուտները կենսունակ լինեն․ «Ամենակարևորն այս հանգամանքի մեջ՝ երբևէ մեր որևէ քայլ չի կարող վտանգ ներկայացնել ՀՀ-ի համար, որովհետև մենք ՀՀ-ի՝ որպես հանրապետություն լինելու տասնամյակների ընթացքում, առանձին երբևէ չենք դիտարկվել։ Եվ մեր ցանկացած գործընթաց, ինչպես և հիմա, միտված է եղել Արցախի ու Հայաստանի անվտանգությանը, հետևաբար՝ մենք երբևէ որևէ քայլ չենք անի, որը կվնասի Հայաստանի Հանրապետությանը»։

 

«Դեռևս 2019 թվականին Արցախում, երբ ՀՀ-ի վարչապետը բղավում էր՝ Արցախը Հայաստան է և վե՛րջ, այդ ժամանակվանից են սկսել բոլոր վտանգները, և այսօր մենք արձանագրում ենք, որ այդ գործընթացների արդյունքում Արցախը օկուպացված է թշնամու կողմից, իսկ ՀՀ-ի գլխին այնքան վտանգներ կան, որ մեզ գերբնական ուժ է պետք, որպեսզի այդ բոլորը կարողանանաք հաղթահարել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

 

Արցախի ԱԺ-ի պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է տեսնում Տավուշում ստեղծված իրավիճակի լուծումը, քանի որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ որևէ բան իրենցից գաղտնի չի ստորագրելու, ինչ էլ անի՝ տեղյակ է պահելու և գրեթե նույնը կրկնեց օրերս Տավուշում․ «Փաստում ենք մի բան, որ գործընթացը շարունակվում է, իսկ գործելաոճը նույնն է, այսինքն՝ որևէ բան չի փոխվել և, ցավոք սրտի, արդեն այն տեղի է ունենում ՀՀ-ում։ Այն ժամանակ շատ շատերը չէին պատկերացնում այդ վտանգը և, ըստ էության, Արցախը հիմնականում մենակ էր մնացել և այս իշխանությունների վարած քաղաքականության դեմ որևէ մեկը չկարողացավ խոչընդոտել, գումարած դրան՝ Արցախի իշխանություններն էին համահունչ գործում ՀՀ-ի հետ»։

 

Հակոբյանի խոսքով․ «Հիմա պետք է միասնականություն, այն բոլոր հայերի մոտ, ովքեր տեսնում են այդ վտանգը, միասնության արդյուքնում բոլոր օրակարգերը ակնհայտ կդառնան և դրանց իրագործումը շատ ավելի հեշտ կդառնա։ Միանշանակ է, որ Հայաստանում օդ ու ջրի պես անհրաժեշտ են ազգային շահը պաշտպանող իշխանություններ, քանի դեռ մենք ունենք ազգային շահը վտանգող իշխանություններ, մնացած բոլոր գործընթացներն անարդյունավետ են լինելու»։