«Մարտական եղբայրությունը» միայն տղամարդկանց կառույց չէ, ներգրավված կանայք շատ ակտիվ են


«Մարտական եղբայրությունը» միայն տղամարդկանց կառույց չէ, ներգրավված կանայք շատ ակտիվ են
Մարտ 26 16:27 2024

«Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է․

«Շարունակություն նախորդ երկու գրառումների․

Իբր Մարտական եղբայրությունը բացառապես տղամարդկանց, «մաչոների» կառույց է: Ճի՛շտ չէ:

Մեր կազմակերպության մեջ ներգրավված կանայք շատ ակտիվ են, ուղղությունների պատասխանատուներ են, ղեկավար մարմնի մեջ ընդգրկված են:

Մեր նպատակն է` ներգրավել ավելի մեծ թվով կանանց և ավելի շատ պատասխանատու դիրքերում ընդգրկել նրանց:

Մեր արժեքներից բխում է ինքնուրույն, ուժեղ, իր իրավունքներն իմացող կնոջ կերպարը:

Եղբայրություն անվանումը որևէ կապ չունի սեռի հետ, այլ գաղափարական է, ինչպես, օրինակ` «Ազատություն, արդարություն, եղբայրություն» կարգախոսի մեջ:

Հաջորդը․

բացի նեղ իմաստով քաղաքականից, մենք իրականացնում ենք նաև նախագծեր այլ ոլորտներում: Հատկապես կազմակերպիչներից ենք Վազգեն Սարգսյանի անվան ԿԱՄՔ գրական մրցույթի: Պատրաստում ենք Քաղաքական մտքի գրադարան շարքը: Պատրաստում ենք հրապարակման 2020 թվի պատերազմի պատմությանն ու վերլուծությանը նվիրված գրքեր: Նախագծում ենք «Ռազմական մտքի գրադարան» շարքը և այլն:

Այս ամենը նույնպես համարում ենք մեծ քաղաքականության մաս:

Ես շատ կուզենայի իմանալ և տեսնել Հայաստանում գործող որևէ այլ քաղաքական կազմակերպություն, որը

ա. Ստեղծում է ռեգուլյար քաղաքական բովանդակություն իր ուժերով

բ. Կազմակերպված է որպես սիստեմատիկ, ամենօրյա աշխատող կառույց` իր աշխատանքային խմբերով

գ. Հիմնում է իր գործունեությունը ռեգուլյար վերլուծական ամփոփումների վրա` այդ թվում միջազգային և տարածաշրջանային իրավիճակի:

դ. Ժամանակ է հատկացնում փիլիսոփայությանը, գրականությանը, պատմագիտությանը, և դա նույնպես համարում է մեծ քաղաքականության մաս:

ե. Իրացնում է այդ ամենը՝ հենվելով բացառապես սեփական ուժերի վրա, հիմնականում` կամավորական սկզբունքով:

Հ.Գ. Ի դեպ, մեր գործունեության մեջ նաև օգտագործում ենք արհեստական բանականության հնարավորությունները՝ մեր ծրագրավորող անդամների օգնությամբ:

Հետագայում կփորձեմ կարճ գրել նաև մեր քաղաքական և գաղափարական սկզբունքների մասին, ինչպես նաև մեր ֆինանսական հենքի վերաբերյալ»: