Հիմա Տոկիո պետք է գնամ ոսկե մեդալի հետևից. Սիմոն Մարտիրոսյան


Հիմա Տոկիո պետք է գնամ ոսկե մեդալի հետևից. Սիմոն Մարտիրոսյան
Հունիս 28 16:00 2021

Հայկական ծանրամարտի դպրոցը ամուր հիմքեր ունի և վերջին տարիներին էլ շարունակում է բարձունքում մնալ: Համաշխարհային մի շարք մրցաշարերում ծանր քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ուրույն տեղն ունեն: Հայաստանի օլիմպիական հավաքականում, սակայն, այս տարի կլինեն միայն երկու ծանրորդ: Տղամարդկանց պայքարում` 109 կգ քաշում պայքարի մեջ կմտնի նաև Սիմոն Մարտիրոսյանը: Նա աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը Սիմոն Մարտիրոսյանն է:

Ասել, որ Մարտիրոսյանը Հայաստանի օլիմպիական թիմի մեդալի հիմնական հավակնորդներից մեկն է, կնշանակի ոչինչ չասել: Մեր հանդիպման ժամանակ, երբ լուսանկարիչն աշխատում էր ընթերցողին փոխանցել այդ պահին տեղի ունեցող իրավիճակը, Սիմոնին խնդրեց նայել դեպի «հաղթանակ»: Սիմոնը նայեց երկնքին:

-Սիմոն, մենք բազմաթիվ զրույցներ ենք ունեցել: Բայց այս անգամ սկսենք ամենասկզբից: Ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:

-Փոքր տարիքում սպորտը շատ էի սիրում: Մինչ ծանրամարտը գնացել եմ բռնցքամարտի մեծ եղբորս հետ, բայց նա գնաց ծառայության, և հայրս չթողեց միայնակ շարունակեմ հաճախել բռնցքամարտի: Մեր ազգում եղել են ծանրամարտիկներ: Հորեղբայրս` Անդրանիկ Մարտիրոսյանը, մեծ արդյունքներ է գրանցել ծանրամարտում: Հայրս էլ ժամանակին զբաղվել է այս մարզաձևով, բայց ձեռքի վնասվածքի պատճառով չի շարունակել: Եվ մի օր էլ մեր հարևաններից Արշակն առաջարկեց իր հետ ծանրամարտի դահլիճ գնալ:

Համոզեցի հայրիկիս, որ թողնի գնամ ծանրամարտի: Առաջին անգամ, երբ գնացի դահլիճ, անկյունում մի փոքրիկ ձող կար, որը կշռում էր 30 կգ: Ես էլ 13 տարեկան էի: Այդ տարիքի համար 30 կգ ծանր քաշ է, մարզիչս ասաց, որ բարձրացնեմ այն ու առանց որևէ դժվարության բարձրացրեցի:

Դրանից հետո բարձրացրեցի 60 կգ: Մարզիչս ապշել էր իմ հնարավորություններից: Մարզիչը պտտվեց դեպի Արշակը` մեր հարևանը և սպառնաց, որ առանց այս երեխայի այլևս ծանրամարտի դահլիճ չգա: Ամենն այսպես էլ սկսվեց:

-Դուք միանգամի՞ց սիրեցիք ծանրամարտը:

-Օր օրի, երբ սկսեցի ավելի բարձր քաշեր բարձրացնել, դա ինձ ավելի էր մոտիվացնում: Եթե անկեղծ, դժվարություններ էլ են շատ եղել: Հատկապես դժվար էր, երբ նոր-նոր էի կայանում որպես ծանրորդ, քանի որ պետք է սովորեի ծանրամարտի նուրբ տեխնիկան, պետք է դիմանայի մարմնի ցավերին: Բայց անգամ այս ամենի հետ մեկտեղ ինձ դուր էր գալիս այն, ինչ անում էի՝ բարդությունը, տանջանքը: Անկեղծ ասած՝ չեմ մտածել, որ շատ մեծ արդյունքների եմ հասնելու. պարզապես սիրեցի ծանրամարտը և վերջ:



loading...