Դատավորի վարկանիշի խնդիր է նման գործի հիման վրա մարդուն կալանավորելու որոշում կայացնելը․ Գոհար Մելոյան


Դատավորի վարկանիշի խնդիր է նման գործի հիման վրա մարդուն կալանավորելու որոշում կայացնելը․ Գոհար Մելոյան
Մարտ 4 16:42 2021

3 օրերի ընթացքում մենք նախաձեռնեցինք ստորագրահավաք Արա Սաղաթելյանին երաշխավորելու համար։ Շուրջ 4000 հազարից ավելի քաղաքացիներ միացան ստորագրահավաքին։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նշենք, որ այս պահին դատարանը քննում է Արա Սաղաթելյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը։

«Եթե 1000 ստորագրություն էլ լիներ, կրկին բավարար էր։ Ուզում էինք պաշտպանական թիմին փոխանցել, որպեսզի անհրաժեշտության պարագայում իրենք դատարանին ներկայացնեին։  Ստորագրահավաքին մասնակցել են բազմաթիվ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, մշակութային գործիչներ»,- ասաց Մելոյանը եւ հույս հայտնեց, որ այս ստորագրությունների կարիքը չի լինի եւ Սաղաթելյանն ազատ կարձակվի։

Մելոյանի խոսքով՝ դատավոր վարկանիշի խնդիր է նման գործի հիման վրա մարդուն կալանավորելու որոշում կայացնելը. «Չեմ կարծում, որ ուսանող իրավաբանն այս գործին ծանոթանալով որեւէ կերպ կհասկանա նման կալանքի միջնորդություն բավարարելու որոշում կայացրած դատավորին»։

Սահմանադրագետը շեշտեց, որ այս քրեական գործով կալանավորված անձինք քաղբանտարկյալներ են։

Անդրադառնալով առաջադրված մեղադրանքի երեք հոդվածներին՝ Մելոյանն ասաց. «Գործի հիմքում ընկած է 3 հոդված, ընդ որում, 2 հոդվածները ՔՕ-ի հակասում են այն իմպերատիվ պահանջին, որ չեն կարող դրանք միաժամանակ միեւնույն անձի եւ միեւնույն արարքի շրջանակներում կիրառվել։ Հաջորդ հոդվածը 307.4-ն է. ընդհանրապես ռազմական դրության իրավական վիճակում տեղեկատվություն տարածելու սահմանափակումների է վերաբերում, այդ հոդվածի գործողությունները կասեցվել են ՍԴ-ի կողմից։ Այսինքն՝ իրավական համակարգում չգործող դրույթի հիման վրա մարդուն կալանավորելու որոշում է կայացվել»։