Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Ա. Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է. կնոջը թույլ չեն տալիս խնամել


Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Ա. Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է. կնոջը թույլ չեն տալիս խնամել
Փետրվար 23 13:00 2019

Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ  վատացել է: Նա այս պահին գտնվում է Միքայելյան վիրաբուժական ինստիտուտում: Վարդանյանի մոտ ախտորոշվել է Կրոնի հիվանդություն:Այս մասին ArmDay.am-ին հայտնեց նրա կինը՝ Աշխենը, ում թույլ չեն տալիս խնամել ամուսնուն:

Կնոջ խոսքով՝ ամուսնու վիճակը կտրուկ վատացել է. 13 օր է չի կարողանում սնվել, ամբողջ սնունդը փսխում է անգամ ջուր խմելիս, ունի ջերմություն, մկանային ջղաձգումներ, արյան զարկերակային ճնշումը բարձր է, իսկ օրգանիզմը՝ ջրազրկված:

«Բժիշկները չեն կարողացել հետազոտել հստակ, սակայն, մեր միջնորդությամբ, ի վերջո,կարողացան հասկանալ,որ նրա մոտ Կրոնի հիվանդություն է. աղիների հիվանդություն է, որը պետ ք է բժշկական հսկողության տակ լինի: Նա հացադուլ չի արել, ուզոuմ  է սնվել, սակայն չի կարողանում, քանի որ փսխում է, ցավեր ունի, նաև աղիների անանցանելիության խնդիր է առաջացել: Հիմա նա շատ թույլ է, երկու շաբաթ է չի սնվում»,-ասաց նա:

Տիկին Աշխենը բժշկից գրություն ունի, որ  հիվանդը խնամքի կարիք ունի, սակայն  նրան չեն թույլատրում ամուսնու անգամ տարրական խնամքով զբաղվել:

«Արթուրին մեղադրում են, որ նա մտադիր է եղել հեղափոխություն անել և այլն, բայց  կարծում եմ՝ բավականին ժամանակ է  անցել որպեսզի այդ հոդվածներով նրան դատեին, խմբի մյուս անդամները ազատության մեջ են: Դատական նիստերը ձգձվում են, կարծես իշխանությունները նրա դեմ արշավ սկսած լինեն: Հեղափոխությունից հետո էլ ոչինչ չփոխվեց:Արթուրը մշտապես անհանգստացել է իր երկրի  համար: Մենք դրսում ենք ապրել, սակայն ամուսինս որոշեց գալ ու ինչ-որ կերպ օգտակար լինել, նա կանխտեսում էր, որ  կարճատև պատերազմ կլինի, ի վերջո, այդպես էլ եղավ: Ապրիլյան պատերազմի մասին նա վաղուց էր խոսում»,-ասաց տիկին Աշխենը:

Արթուր Վարդանյանի կինը մտադիր է միջազգային դատարան դիմել:

Ավելի վաղ Աժ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ իրեն թույլ չեն տալիս հանդիպել կալանավոր Արթուր Վարդանյանի հետ:

Հիշեցնենք, որ «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը  ԱԱԾ-ի պնդմամբ, ղեկավարել է բացահայտված հանցավոր խումբը, մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու և ապօրինի զենք պահելու մեջ, որը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից: