Կառավարությանն ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը արդեն մեկ ամիս է, ինչ թափուր է։ Տարօրինակ էր, որ առանց որևէ պաշտոնական շարադրված բացատրության բնապահպան-ակտիվիստ Արթուր Գրիգորյանը ազատվեց տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքից, գրում է politik.am-ը։ Եվ միայն ազատվելուց հետո, Փաշինյանը ԱԺ-ում ակնարկեց, որ Արթուր Գրիգորյանը աշխատել է ակտիվիստի տրամաբանությամբ, որևէ բան ստուգելուց առաջ նախապես գրառել է սեփական մտադրությունները ՖԲ-ում, ինչը հնարավոր էր, որ հանգեցներ դատական քաշքշուկների՝ ինչից ամենից շատն է վախենում Փաշինյանը։ Սակայն կրկնակի տարօրինակ է, որ մինչ օրս Փաշինյանը չի կատարել որևէ նոր նշանակում։ Սա նշանակում է, որ կամ նա փնտրում է վստահելի «քայլարածի», որը կկատարի նրա յուրաքանչյուր հրահանգ՝ առանց հասկանալու, կամ՝ Փաշինյանը, ավելի խորամանկ գտնվելով, փնտրում է նոր «բնապահպան-ակտիվիստի», որը ինչպես նախորդը՝ Արթուր Գրիգորյանը, պատկերացում չի ունենա հանքարդյունաբերությունից և չի կարողանա իրականացնել փաստերի վրա հիմնված և փաստարկված տեսչական հսկողություն․ արդյունքում նրան նույնպես աշխատանքից հեռացնելով Փաշինյանը «կփակի» բոլոր բնապահպան-ակտիվիստների բերանը՝ թողնելով հանքարդյունաբերությունը այնպիսին, ինչպիսին եղել է նախորդների ժամանակ, իսկ բողոքներին պատասխանելով՝ «դուք կրկնակի շանս ստացաք փաստեր ներկայացնելու հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ, սակայն այդպես էլ ոչինչ չարեցիք»։
Այս ֆոնի վրա բավականին հետաքրքիր առաջարկով է հանդես եկել Հրազդանի նախկին քաղաքապետի թեկնածու Լևոն Ստեփանյանը, իր ՖԲ-յան էջում վարչապետին և փոխվարչապետ Ավինյանին առաջարկելով ՔՊ-ական Էդգար Զաքարյանի թեկնածությունը։ Հետաքրքիր է, որ ՔՊ-ին պարտված թեկնածուն առաջարկում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում հենց «ՔՊ»-ական թեկնածուի, ասել է թե՝ «քայլարածի»։ Թե ինչքանո՞վ է Զաքարյանը պրոֆեսիոնալ կամ դիլետանտ՝ չենք կարող ասել, սակայն դատելով «ՖԲ»-ում և «Լինքդին»-ում առկա կենսագրական տվյալներից՝ ոլորտի մարդ է և մոտ 13 տարի եղել է ոլորտի ամենախոշոր ծրագրերում, զբաղեցրել բավական պատասխանատու պաշտոններ։ Հետաքրքրական է նաև, որ վերոնշյալ գրառման տակ հանդիպում ենք միայն դրական արձագանքներ, որը շատ հազվադեպ է հանդիպում «ՔՊ»-ական պաշտոնյաների մոտ՝ հատկապես վերջին ժամանակներում։
Ըստ ամենայնի՝ Զաքարյանը կարող է իր թիմի համար դառնալ այն վստահելի գործիքը, որը Փաշինյանին կբերի իր ուզած փաստերը, և իր համար սարսափելի թվացող դատական պրոցեսներին Հայաստանը՝ կա՛մ կմասնակցի փաստերով, կա՛մ էլ այդ փաստերը այնքան սպառիչ կլինեն, որ հանքարդյունաբերական այս կամ այն ընկերությունները չեն էլ դիմի դատարան (եթե իհարկե այդ ընկերություններում իրապես առկա են աղաղակող սխալներ) և արագ կանցնեն սխալներըշտկելու ։
Առաջին հայացքից, սա կարող է ձեռք տալ և՛ Փաշինյանին, և՛ բնապահպան- ակտիվիստներին, նույնիսկ՝ հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք հասկանալով, որ իրենց ստուգելու է «իրենց ներսից ելած» ՔՊ-ականը՝ կսկսեն ավելի ուղիղ խոսել իշխանությունների հետ՝ և՛ բնապահպանական խնդիրներից, և՛ դրանց լուծման հնարավորություններից (կամ լուծման անհնարինությունից)։ Սակայն վերջինս բարդ և աշխատանք պահանջող պատասխանատու ճանապարհ է, իսկ այս 8 ամիսները եկան ապացուցելու, որ Փաշինյանը խուսափում է աշխատելուց և իր միակ ապավենը նախորդ իշխանությունների անսխալականությունն է, քանի որ նա վստահ է, որ նախորդները, այնուամենայնիվ, ճիշտ են աշխատել։ Ապավինելով այս հանգամանքին՝ նա ամեն ինչ անելու է, որ ամենը մնա այնպես, ինչպես եղել է մինչ հեղափոխությունը։ Այսհանգամանքը մեզ ստիպում է ենթադրել, որ շատ շուտով այս պաշտոնում կդիմավորենք կա՛մ հերթական դիլետանտին, կա՛մ ամբողջ կյանքում գրանտների դիմաց գերէմոցիոնալ բղավող «կանաչ – ակտիվիստի», և ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր։