Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.61 երթուղին սպասարկող ընկերության սնանկ ճանաչվելու պատճառով երթուղու գործունեությունը ս.թ. փետրվարի 18-ից դադարեցվել է: Նշված երթուղուց օգտվող Վարդաշեն թաղամասի որոշակի հատվածի (6-րդ, 9-րդ փողոցներ) բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային հ.18 երթուղու վերջնակետը Մուշականից տեղափոխվել է Վարդաշենի 6-րդ փողոց (միկրոավտոբուսային հ.61 երթուղու վերջնակետ): Միկրոավտոբուսային հ.61 երթուղուց օգտվող մյուս ուղևորները ստիպված են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից, ինչը Մուշավանի բնակչության մոտ բողոքի ալիք է բարձրացրել:
ArmDay.am-ի հետ զրույցում Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն անդրադառնալով մուշավանցիների դժգոհությանը՝ նշեց, որ ստիպված են գնացել այդ փոփոխությանը:
«Մենք ուսումնասիրել ենք այդ տարածքում բոլոր երթուղիների վերջնակետերը և հնարավոր այն տարբերակները, որոնք կարող էինք մտցնել Վարդաշենի այդ հատվածը, որպեսզի բնակչությունն առանց տրանսպորտային միջոցի չմնար:Այդ տարածքում ունեիքն երեք երթուղի, որից մեկի վերջնակետերի փոփոխության հետ կապված կկարողանայինք այդ տարածքի բնակչությանը սպասարկել: Այդտեղ Մուշավանի բնակչությունից շատ բնակչություն կա, կանաև կրթական ուսումնարան, դպրոց : Այս բոլորին առանց տրանսպորտի թողնել չէր լինի»,-ասաց նա:
Նավասարդյանը նշեց, որ նման որոշման են եկել բնակչության,կրթական հաստատության տնօրինության և ուսանողության հետ քննարկումներից հետո:
Հարցին՝ հնարավո՞ր չէր նոր երթուղով սպասարկել, տրանսպորտի վարչության պետը նշեց, որ ստիպված կլինեին մեկ ամիս անց այն փակել:
«Այսօր ներդրողներ չկան, մենք երթուղու խնդիր լուծելու անհրաժեշտություն ունենք: Այդ է պատճառը, որ Մուշավանի բնակչության համար անհարմարություններ ենք ստեղծել, ովքեր ստիպված են որոշ դեպքերում երկրորդ տրանսպորտից օգտվել, որպեսզի կենտրոն հասնեն:Մենք չէին կարող Մուշավանին որոշակի անհարմարություն չստեղծելու պատճառով մյուսներին թողնել առանց տրանսպորտային միջոցների»,-ասաց նա:
Ի պատասխան մուշավանցիների հարցին,թե վարդաշենցիները մարդ են, իրենք՝ ո՞չ, Նավասարդյանը պատասխանեց՝ օպտիմալ տարբերակը դա էր:
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ նոր երթուղային ցանցի վրա են աշխատում, սակայն այս ընթացքում եթե նմանատիպ խնդիրներ առաջանան, ստիպված են լինելու կրճատել երթուղիները: