Արմավիրի մարզի Բաղրամյան և Մյասնիկյան համայնքների կոյուղաջրերը Արմավիրի ջրանցքին հարակից դիտահորից լցվում են ջրանցք` առաջացնելով հակասանիտարական վիճակ:
Բնակիչների խոսքով՝ շուրջ մեկ տարի է` կոյուղին լցվում է ջրանցք, որի ջրով ոռոգում է իրականացվում:
Թե որքան ժամանակ է խնդիրն առկա, և արդյո՞ք քայլեր են ձեռնարկվում ստեղծված իրավիճակը շտկելու համար, ArmDay.am-ը մեկնաբանություն ստացավ Մյասնիկյանի համայնքապետից:
«Այս խնդիրը շատ վաղուցվանից է, լուծում չունի: Կոմունիստի ժամանակվանից առկա է խնդիրը, բայց չենք կարող ոչինչ անել»,-ասաց Տիգրան Հարությունյանը:
Հարցին, ինչ-որ քայլեր ձեռնարկվե՞լ են խնդիրը լուծելու համար, համայնքապետը նշեց.
«Այդ հարցին լուծում չկա, ուրիշ տարբերակ չկա, ո՞ւմ դիմենք: Ես չեմ ասում, որ ճիշտ է, որ այդ ջրով նաև ոռոգում է իրականացվում, սակայն ոչինչ չենք կարող անել, ուրիշ տեղ թափվելու տեղ չկա: Մյասնիկյան համայնքի կոյուղու մի մասը, որը լցվում ջրանցքը դա նոր չէ։ Դեռևս 80 –ական թվականներին, երբ կառուցվել է գյուղը, կոյուղու մի մասը լցվել է ջրանցքը»: