Վանո Սիրադեղյանի գործով ցուցմունք չտալու համար մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարված Արմեն Տեր -Սահակյանը 10 օր է գտվնում է հացադուլի մեջ: Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով հանդիպում Արտակ Զեյնալյանի հետ վաղաժամկետ ազատման և այլ հարցերի շուրջ զրուցելու համար:Արմեն Տեր-Սահակյանը շուրջ 23 տարի է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է։
«ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպում չի եղել և կարծում եմ՝ չի էլ նախատեսվում, թեև նախարարն ասել էր,որ այցելությունների ընթացքում կհանդիպի նաև Արմեն Տեր-Սահակյանին»,-ArmDay.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ս. Սարգսյանը:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը նորմալ է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, առայժմ գանգատներ չունի:
Չնայած հարազատներն ու փաստաբանը հորդորում են դուրս գալ հացադուլից, Արմեն Տեր-Սահակյանը շարունակում է հացադուլը:
«Արմեն Տեր-Սահակյանի վճիռն անօրինական է: Նա ընդունում է իր մեղքը մասնակիորեն,բայց այն մեղադրանքները, որ առաջադրվել են և նրան դատապարտել են, առաջադրված հոդվածներով չէր կարող մահապատիժ, այնուհետև, ցմահ ազատազրկում նախատեսել: Այդ հոդվածները թե՛ նախկի,թե՛ ներկայիս Քրեական օրենսգիրքը չի նախատեսում»,-ասաց Ս.Սարգսյանը:
Պաշտպանը նշեց, որ իրենց առաջնահերթ պահանջն է՝ գործը վերանայել, անձի դատավճիռը համապատասխանեցնել Քրեական օրենսգրքին:
«Արմեն Տեր-Սահակյանը պնդում է, որ ինքը ոչ թե ասելիք է ունեցել և ցուցմունք չի տվել, այլ նրանից պահանջել են զրպարտել Վանո Սիրադեղյանին, որի համար էլ նրան դատապարտել են մահապատժի:Արդեն 22 տարի իմ պաշտպանյալը չի պատրաստվում որևէ մեկին զրպարտել»,-շեշտեց փաստաբանը: