Աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցին այլևս չենք անդրադառնա. վարչապետը նկատողություն արեց


Աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցին այլևս չենք անդրադառնա. վարչապետը նկատողություն արեց
Փետրվար 21 16:15 2019

Այս թեմային այլևս երբեք չենք անդրադառնալու: Անդրադառնալով  աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցին՝ այսօր Կառավարության նիստի ժամանակ ասել է  վարչապետը:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախկին նիստում  վարչապետի կատարած դիտարկումներից հետո ճշգրտումներ են արվել և նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:

Հակոբ Արշակյանը հավելյալ ճշգրտեց, որ սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ այս տարի գնված մեքենաները չեն կարողանալու ներմուծվել: Նա նաև նշեց, որ պատուհան են սահմանել մինչև ապրիլի մեկը ներմուծելու համար:

Վարչապետն  առաջարկեց ապրիլի մեկը  դարձնել մայիսի մեկ: 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ կոռուպցիոն ռիսկերկարող են լինել, այն դեպքում, որ պետք է փաստաթղթով հիմնավորվի, որ գնվել է մինչև դեկտեմբերի 30-ը, և առաջարկեց եզրույթ սահմանել, որ նախագիծը վերաբերի այն մեքենաներին, որոնք ներմուծվել են:

Հակոբ Արշակյանը նշեց, որ մեքենան Ճապոնիայից ներմուծելու համար երկու ամիս պետք է, եթե նույնիսկ փաստաթղթերը կեղծվեն, բերել չեն հասցնի:

Այսպիսով, որոշում կայացվեց ներմուծման ամսաթիվը դարձնել մայիսի մեկը, և որոշումն ընդունվեց: