Նուբարաշենի և Շենգավիթի ենթակայության կազմակերպությունների տնօրենների մրցույթ է կայացել


Նուբարաշենի և Շենգավիթի ենթակայության կազմակերպությունների տնօրենների մրցույթ է կայացել
Հունվար 31 19:33 2019

Երևանի քաղաքապետարանը Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ենթակայության համայնքային ոչ առևտրային մի շարք կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել:

Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հունվարի 30-ին կայացած մրցույթում «Երևանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արսեն Հարությունյանը: «Թիվ 34 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում էլ հաղթող է ճանաչվել Փառանձեմ Մարգարյանը:

Շենգավիթ վարչական շրջանի «Երևանի հ.16 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում երկու հաղթող է ճանաչվել՝ Լուսինե Մարգարյանը և Մարիաննա Հովակիմյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր:

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Ս. Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար երկու հայտ է ներկայացվել, սակայն մասնակիցները չեն ներկայացել մրցույթին, և մրցույթը համարվել է չկայացած: