«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը շարունակում է հացադուլը: Այժմ նա հացադուլավորների համար նախատեսված խցում է և գտնվում: Վիճակը կայուն է, բժիշկների վերահսկողության ներքո է գտնվում :Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քրեակատարողական հիմնարկի հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Հացադուլ հայտարարելու պատճառը կապված է իր քրեական գործի հետ: Ցմահ դատապարտյալ պահանջում է իր գործը վերաբացել:
Հարցին, թե Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն արձագանքե՞լ է դատապարտյալի՝ հանդիպման պահանջին, Նոնա Նավիկյանը պատասխանեց, որ այդ հարցով դեռ նորություններ չկան:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Վաղարշակ Ավետիսյանը 2008 թվականի հունվարի կեսերին Արման Մանուկյանից խարդախությամբ հափշտակել էր զգալի չափի գույք,այնուհետև 2008 թվականին հունվարի 26-ին, Գոռ Սաֆարյանի և Արագեղեցիկ Բաղդասարյանի հետ ավտոմեքենայից կրկին անգամ կատարել էր գույքի զգալի չափի հափշտակություն, 2008 թվականի փետրվարին խարդախության եղանակով Աշոտ Մովսիսյանից կրկին անգամ հափշտակել էր զգալի չափի գույք, 2008 թվականին մարտի 16-ին ավազակությամբ զուգորդված, շահադիտական նպատակով սպանել էր Միխայիլ Հովհաննիսյանին:
Վաղարշակ Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 178 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցանքներում և դատապարտվել ցմահ ազատազրկման։