ԱԺ նախագահն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը կարևորել են համագործակցությունը մշակութային, առևտրատնտեսական ոլորտներում


ԱԺ նախագահն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը կարևորել են համագործակցությունը մշակութային, առևտրատնտեսական ոլորտներում
Հունվար 30 17:32 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  արտակարգ  և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերին ու պատմականորեն  ձևավորված հարաբերություններին, որոնք գալիս են դեռ ևս Մեծ մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանից: Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-չինական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ոլորտներում:

Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը` ուղղված երկու երկրների հարաբերություննների զարգացմանն ու խորացմանը շարունակական կլինի:

Երկկողմ հարաբերությունների առավել սերտացման գործում Ազգային ժողովի նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Անդրադառնալով օրենսդիր մարմնում բարեկամական խմբերի  ձևավորմանը` Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններիս փոխայցերի  և ակտիվ համագործակցության շնորհիվ հայ-չինական հարաբերությունները կարձանագրեն  զարգացման նոր արդյունքներ:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի մասին` խորհրդարանի ղեկավարն այս հարցում կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը` նշելով, որ Հայաստանի համար հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը կենսական նշանակություն  ունի:

ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու առթիվ, մաղթել է  բեղմնավոր աշխատանք:

Դեսպանը բարձր է գնահատել բարեկամ երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխայցերը:

Թիան Էրլունը նշել է, որ Հայաստանը Չինաստանի ռազմավարական գործընկերն է, և իրենք պատրաստ են ջանքեր ներդնել խորացնելու  և նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` դեսպանը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: Կողմերը կարևորել են  համագործակցությունը մշակութային, կրթական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում` գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև գրանցված առևտրաշրջանառության ծավալի ավելացման փաստը: