Խենթ քաղաքի միակ խաղաղ անկյունը․ հայկական Սուրբ Հարություն եկեղեցին Դաքքայում (լուսանկարներ)


Խենթ քաղաքի միակ խաղաղ անկյունը․ հայկական Սուրբ Հարություն եկեղեցին Դաքքայում (լուսանկարներ)
Հունվար 3 10:28 2019

Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասը շատերս Բանգլադեշ ենք անվանում։ Սակայն քչերն են տեղյակ, որ իրական Բանգլադեշում էլ՝ ասիական Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում եւս հայկական մասնիկ կա, եւ այն էլ ինչպիսի։

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում է գտնվում հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 1781 թվականին, այն գտնվում է Դաքքայի հին քաղաքի Արմանիտոլա շրջանի հայկական փողոցում։ Այսօրվա Բանգլադեշի տարածում ժամանակին մեծ թվով հայեր են ապրել, այստեղ բավականին մեծ հայկական համայնք է եղել, ինչի վկայությունն է տեղի հայկական եկեղեցին։ 

Դարեր առաջ եկեղեցու տարածում ավելի հին ու փոքր եկեղեցի է եղել, հետագայում, սակայն, դրա փոխարեն կառուցվել է այս՝ նոր ու ավելի մեծ եկեղեցին։

Այսօր Դաքքայում հայեր չեն հանդիպում։ Սակայն հայերի հանդեպ ակնածանքը տեղացիների մոտ պահպանվել է, հատկապես՝ եկեղեցու տարածքում։ Հայաստանից ժամանած հյուրին այստեղ առանձնակի ջերմությամբ են ընդունում։ Իսկ երբ եկեղեցու բակ ես ոտք դնում, անմիջապես մոռանում ես, որ օտար երկրում ես՝ այստեղ ամեն ինչ հարազատ է, հայկական ու խաղաղ։

Դաքքայում առնվազն մեկ անգամ եղած մարդիկ գիտեն, որ սա խենթ քաղաք է, աղմկոտ, մարդաշատ։ 8 միլիոնից ավելի բնակչություն ունեցող այս քաղաքում ամենուր մարդիկ են, աղմուկ, մեքենաների, ռիկշաների ազդանշանների ձայներ։ Փողոցում երկար մնալիս թվում է՝ շուտով կխելագարվես աղմուկից։ Սակայն հայկական եկեղեցու բակ ոտք դնելուն պես՝ հայտնվում ես ուրիշ աշխարհում։ Խենթ քաղաքում սա թերեւս ամենախաղաղ անկյունն է՝ առանց աղմուկի, կանաչ, մաքուր ու այդքան հարազատ։

Եկեղեցին թեեւ մշտական վանահայր չունի, սակայն բաց է բոլորի համար, այն զբոսաշրջիկների համար ամենահետաքրքիր վայրերից մեկն է Դաքքայում։ Ուրբաթ օրերին այստեղ կարելի է բազմաթիվ զբոսաշրջիկների հանդիպել։ Բակում գերեզմանոց կա, շիրմաքարերի՝ հիմնականում հայատառ գրառումներից հասկանում ես, որ հայեր  այստեղ վաղուց են ապրել։ Վերջին շիրմաքարն այստեղ տեղադրվել է 1991 թվականին։

Շիրմաքարերից շատերը յուրահատուկ պատմություն ունեն, բացառիկ զգացողություն է՝ առերեսվել ժողովրդիդ անցյալին, հասկանալ, թե ինչպես են նրանք ապրել այստեղ՝ հայրենիքից այսքան հեռու, այստեղ փոքրիկ հայրենիք ստեղծել ու համախմբվել այս չքնաղ ու գողտրիկ եկեղեցու շուրջ։

Եկեղեցու բակում կողք-կողքի ծածանվում են Հայաստանի Հանրապետության եւ Բանգլադեշի դրոշները։ Հայկական շունչն այստեղ ամենուր է։

Բանգլադեշի բնակչության մեծ մասը մահմեդականներ են, սակայն կան նաեւ հինդուներ, քրիստոնյաներ, բուդդիստներ։ Սակայն անկախ կրոնից՝ հայկական եկեղեցի այստեղ ակնածանքով են մտնում։

Երբ ոտք ես դնում Սուրբ Հարություն եկեղեցի, առանձնահատուկ զգացողություններ ես ապրում։ Արտաքինից եւ ճարտարապետական լուծումներով այն հայկական եկեղեցի շատ չի հիշեցնում, սակայն ներսում ամենուր հայ առաքելական եկեղեցու շունչն է՝ Աստվածաշունչը՝ արեւմտահայերենով, սրբապատկերները, եկեղեցու խորանը։ Ամեն անկյունում հավատք է թեւածում, եկեղեցու ներսում ամեն իր խնամված է ու հարազատ։

Հայաստանցիներիս համար այսքան հեռու ու ոչ այնքան հայտնի երկրում գտնվող հայկական այս փոքրիկ անկյունից դուրս ես գալիս խաղաղ սրտով, հարստացած ու հպարտ՝ սեփական ժողովրդիդ անցյալով ու հայապահպան ոգով՝ անկախ բնակվելու վայրից։

Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու խնամատարը Արմեն Արսլանյանն է, հենց այս մարդու շնորհիվ է, որ եկեղեցին այքան խնամված է, այդքան լավ վիճակում, այդքան զբոսաշրջիկի է գրավում ու տեղացիների մոտ նման ակնածանք է վայելում։

Նշենք, որ տարիներ առաջ եկեղեցին վնասվել է երկրաշարժի արդյունքում, սակայն հետագայում վերակառուցվել է։

Իսկ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահակալության տարիներին Սուրբ Հարություն եկեղեցին առավել չափով նորոգվել է, կարգավորվել է լուսավորությունը, եւ օդափոխության համակարգ է տեղադրվել։

Վերջին աշխատանքներից է Մայր Աթոռի ռեստավրացիոն խմբի օգնությամբ անցած տարի նորոգված եկեղեցու խորանի երկու պատկերները։

 

Նշենք նաեւ, որ բազմաթիվ արտասահմանյան զլմ-ներ անդրադարձել են Դաքքայի հայկական եկեղեցուն, իսկ տարիներ առաջ Դաքքա կատարած այցելության ժամանակ Մայր Թերեզան մնացել է այս եկեղեցում։

Նատաշա Հարությունյան