«Միշտ մեղավոր է Ռուբեն Ռուբինյանը». Հովիկ Աղազարյանը՝ Աժ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին


«Միշտ մեղավոր է Ռուբեն Ռուբինյանը». Հովիկ Աղազարյանը՝ Աժ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Հոկտեմբեր 29 22:22 2026

«Մի կողմից՝  կռվի մեջ ոչ մի լավ բան չկա, մյուս կողմից էլ՝ սարսափելի բան չէ, որովհետև աշխարհի բոլոր պառլամենտներում նմանատիպ դեպքեր լինում են»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախկին ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին։ 

Ըստ Աղազարյանի՝  կռվի պատճառը TRIP-ի հետ կապված դժգոհություններն են.

«TRIPP-ի հետ կապված համաձայնագիրը հաստատվեց, և երկու կողմերն էլ, ըստ էության, դժգոհ էին իրավիճակից ու իրենց բացասական էմոցիաները միմյանց վրա թափեցին»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից իր թիմակիցների արարքները ողջունելուն, ապա նախկին ՔՊ-ականը կարծիք է հայտնել՝ «համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ ապահովելու հարցում պատասխանատվությունն այն ուժի վրա է, որն ավելի ուժեղ է»։

«Բնականաբար, իշխող ուժն է ավելի ուժեղ, և  իշխանությունը պետք է օրինակ ծառայի, այդ դեպքում նմանատիպ դեպքեր չեն լինի։ Իսկ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը,  փոխանակ օրինակ ծառայի, կռիվն ինքն է հրահրում։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ նման դրվագներ այս խորհրդարանում շատ լինեն, քանի որ ուժերը գրեթե հավասար են»,- նշել է Աղազարյանը։

Հովիկ Աղազարյանը ԱԺ նախագահի պատասխանատվության մասին էլ է խոսել․

«Միշտ մեղավոր է Ռուբեն Ռուբինյանը։ Որպես Ազգային ժողովի նախագահ՝ պետք է ամեն ինչ անի, որ  նմանատիպ բաներ չլինեն»։